Lurer.com–ը գրում է.

Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար Ալի Հայդար Քոնջան դարձել է թուրքական ազգայնական շրջանակների ԶԼՄ-ների թիրախն այն բանի համար, որ հրապարակայնորեն ճշմարիտ դիրքորոշում է հայտնել Հայոց ցեղասպանության հարցով: Ալի Հայդար Քոնջան Թուրքիայի խո րհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ազգայնական շրջանակների մի շարք ԶԼՄ-ներ դատապարտել են Քոնջային Օսմանյան կայսրության փլուզման շրջանում հայերի դեմ իրագործված կոտորածներն իրենց անունով կոչելու համար:

ԺԴԿ-ն ներկայացնող Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Քոնջան Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումն, ըստ «Ակոս»-ի, ներկայացրել է այսպես. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության` ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք և կհստակեցնե նք միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը»:

Մասնավորապես, թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթն այս առնչությամբ գրել է, որ նախարար Քոնջան «չափերն անցել է» Հայոց ցեղաասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս:

Թուրքիայում արդեն կոչեր են հնչում մինչև նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարական ընտրություններ ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկված երկու քուրդ նախարարներին պաշտոնանկ անելու մասին` նրանց կողմից Հայոց ցեղասպանությունը և քրդերի ինքնությունն ու իրավունքները Թուրքիայում ճանաչվելու մասին արած հայտարարությունների համար:

ԺԴԿ համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, որ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 24 պետություններ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի, Սլովակիայի եւ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել