
Մենք հաճախ ենք նկատում, որ շատ մարդիկ փորձում են ցանկացած նոր բան ներկայացնել որպես որակյալի, իսկ հինը` հետամնացության հոմանիշ: Ուղղակի հիշենք պարզ ճշմարտությունը. ՈՐԱԿԸ` հին և նոր չի լինում: Այս համատեքստում, աչքի առաջ ունենալով օրվա խորհուրդը, կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել, թե ինչպիսի առարկաներ էին անցնում Հայաստանի միջնադարյան համալսարաններում (9-15-րդ դարեր):
Դասավանդվում էին «Յոթ ազատ արվեստները», (ընդ որում` որակյալ ձևով) այն է` քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, մաթեմատիկա, երկրաչափություն, աստղաբաշխություն և երաժշտություն, ինչպես նաև` փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և մեկնողական արվեստ: Ուսումնառության ավարտից հետո, շրջանավարտները. տիրապետելով այսպիսի գիտելիքների ամբողջության, վերածվում էին բազմակողմանի զարգացած անհատականությունների, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում նշանավոր ուսուցչապետեր, գիտնականներ, հասարակական գործիչներ և դիվանագետներ, ովքեր կարևոր դեր էին խաղում միջնադարյան Հայաստանի և համահայկական խնդիրների լուծման գործում:
Մեր օրերում վերոնշյալ որոշ առարկաների առկայությունը, որոնք դպրոցներում և համալսարաններում չեն ուսուցանվում, հաստատապես միմիայն դրական ազդեցություն կունենան սովորողների աշխարհայացքի վրա և մեր աչքի առաջ կտեսնենք իրապես կրթված ու զարգացած Հայերի մի ողջ սերունդ:



