Ի տարբերություն հանրահավաքների օրերի` Ֆեյսբուքն այսօր սակավամարդ է, քանի որ մարդիկ հիմնականում փողոցում են: Ճիշտ է, նրանք կարող են փողոցում լինել նաև հանրահավաքների ժամանակ, բայց չեն, որովհետև դրանց հետ մենք առանձնապես հույսեր չենք կապում: Կապում ենք այսօրվա հետ, ավելի ճիշտ` այսօր դպրոց գնացողների հետ, մեր երեխաների հետ: Իմ կարծիքով՝ սա ամենասովորական եսասիրություն է, ընդ որում` սեփական հուսահատությունից և թուլությունից ծնված: Բանն այն է, որ մեր երեխաները մեր, կարելի է ասել, ամեն ինչն են, բացի մի բանից` հույսից. այն պահից, երբ հույսդ կապում ես նրանց հետ, տապալվում ես, որպես մարդ, քաղաքացի, հատկապես` մարդ՝ ցույց տալով, որ դու չես հաջողել, քեզ մոտ չի ստացվել, շատ ես ցանկացել (իրականում` ոչ բավարար, քանի որ չի ստացվել), բայց չես կարողացել... Ահա, երբ մեր հույսը դառնում են մեր երեխաները, այն էլ` միայն, մենք ապացուցում ենք, որ մենք չենք կարողացել:
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նրանք ծնվում, չէ, ես գիտեմ, և դու գիտեք, թե ինչու ենք նրանց ծնում, բայց ինչո՞ւ են նրանք ծնվում: Եթե մենք ծնում ենք նրանց, որպեսզի վաղը, ինչպես ասում ենք` «մեզ մի բաժակ ջուր տվող լինի» կամ «հետներս ֆուտբոլ նայող», ապա ինչո՞ւ են նրանք ծնվում, մի՞թե նրանց կյանքի առաքելությունը կայանում է «մեզ մի բաժակ ջուր բերելու» կամ մեզ հետ «ֆուտբոլ նայելու» մեջ, արդյո՞ք մենք այսքան անհետաքրքիր զբաղմունքի համար ենք նրանց կյանք տալիս... Ի դեպ, մենք նրանց կյանք չենք տալիս, այդ նրանք են ուղղակի ծնվում` իրենց համար, ոչ մեր, ամեն մեկն իր համար, իր, միայն իր երազանքներին և նպատակներին հասնելու համար, և որքան շուտ մենք հասկանանք, որ մեր երեխաների երազանքներն և նպատակները հաճախ մեզ դուր չեն գալու, քանի որ անհասկանալի են մեզ համար և երբեմն անընդունելի, այնքան քիչ կցավեցնենք մեզ և նրանց, այնքան շուտ կսովորենք ապրել և այդքան շուտ կիմանանք` ինչո՞ւ են նրանք ծնվել հարցի պատասխանը. կյանքում ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը:
Այսօր նրանք դպրոց են գնում, իսկ սա մեզ համար մի առանձին հույս է: Մենք` բոլորս, անխտիր, ոչ թե ձգտում ենք, այլ պահանջում, որ նրանք պարտադիր լավ սովորեն, ընդ որում նրանց լավ չսովորելն ընդունելով որպես անձնական վիրավորանք և մեր սխալ ապրելու հետևանք-արդյունք: Բայց գուցե նա պետք է, ուզում է կոշկակար դառնալ, դարբին դառնալ, նկարիչ դառնալ, վարսահարդար դառնալ` աշխարհում լավագույնը կամ փորձելով դառնալ աշխարհում լավագույնը: Գուցե նա հենց դրա՞ համար է ծնվել, ոչ թե բժիշկ, իրավաբան, ծրագրավորող, առավել ևս պատգամավոր և նախարար դառնալու: Մեր երեխաները պարտավոր չեն իրականացնել մեր չիրականացած երազանքները, քանի որ նրանք մեկ բան են պարտավոր` առաջ գնալ իրենց երազանքի հետևից, թեկուզ մեզանից հարյուրավոր մղոն հեռավորության վրա: Նրանք բացառապես այս գործով պետք է զբաղված լինեն:
Ու, իմ կարծիքով, հենց դա է ծնողի երջանկությունը, երբ տեսնում է իր զավակին՝ հասած իր իսկ երազանքին կամ դեպի դրան առաջ ընթանալիս:
Ինչ վերաբերում է հույսին, մեր հույսին և մեր երազանքներին. եղբայր, ո՞վ ասաց, որ մեր կյանքը կանգ է առել, դադարել է ճիշտ այն պահից, երբ ծնող դարձանք և դրանից հետո մենք այլևս պետք է ապրենք միայն նրանցով (մեր երեխաներով) և սպասենք, որ նրանք գնահատեն մեր անքուն գիշերները: Ո՞վ ասաց, որ մի բաժակ ջուր մենք ինքներս չենք կարող գնալ, լցնել և խմել, կամ ո՞վ ասաց, որ ֆուտբոլը հնարավոր չէ մենակ նայել կամ ընկերների հետ: Սա նման է միայն թոշակով ապրող ծերունու կյանքին, երբ նա, համարելով, որ իր գործն այս աշխարհում կատարել է, անհամբեր սպասում է գնահատանքին. ո՛չ, քանի կանք, այնքան պետք է առաջ գնալ` մեր ճանապարհով, դեպի մեր երազանքը, մեր հույսը միայն մեր վրա դրած, այստեղ և հիմա, հատկապես` հիմա:
Հիմա սեպտեմբերի մեկն է, մեր երեխաները (իմը դեռ ոչ) դպրոց են գնում, և խնդրում եմ` մի պահանջեք, մի ասեք նրանց, որ լավ սովորեն բոլոր առարկաները, նախ դա նորմալ չէ. ասենք՝ մարդը չի կարող գերազանց իմանալ քիմիա և պատմություն, բացի այդ, եթե այդպես լիներ, ապա ինչո՞ւ հնարավոր չէ, որ մեկ ուսուցիչը դասավանդի և՛ քիմիա, և՛ պատմություն:
Նրանք գիտեն, թե ինչ է իրենց պետք, հակառակ պարագայում չէին ծնվի, ավելի ճիշտ` չէին որոշի ծնվել: Իսկ մեր որոշումը պետք է լինի նրանց հետևելը, ոչ թե որպեսզի արգելենք այն, ինչը չի կարելի (իսկ ի՞նչ չի կարելի), այլ որպեսզի ուրախանանք՝ տեսնելով, թե ինչպես են նրանք հասնում կամ փորձում հասնել իրենց երազանքին: Եվ թող որ այդ երազանքը մեզ համար անհասկանալի և անընդունելի լինի, ավելի լավ, ոչ թե մեզ համար, այլ կյանքի, մարդկության, առաջընթացի, նրանց... Նրանց համար, ում համար մենք ապրում ենք և ոչ թե հակառակը: