Կկվի կերպարով Հայ մեծ բանաստեղծ և ֆուտուրիստ Հ. Թումանյանը վեր է հանում արդի սոցիալ-տնտեսական և հոգեբանական իրավիճակը։ Կկուն էությամբ մեկուսի, դեպրեսիվ ու սուիցիդալ հակումներով կերպար է։ Նրա հոգեբանության խորքերում նստած են իր հարազատ զավակներից ազատվելու-մեկուսանալու, վերջիններիս գաղթի ու անօրինական միգրացիայի դրդելու ենթագիտակցական նկրտումները, որոնք հեղինակը հիանալի բնութագրել է հետևյալ անմահ տողերով.
«Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնա՜ք,
Ուրախանա՛ք…»
Հատկանշական է, որ կկուն իր զավակների հեռանալը կապում է վերջիններիս ուրախության հետ։ Գերմանացի հոգեբան Ռոլֆ վան Դիքը (Rolf van Dick) այստեղ տեսնում է երիտասարդ կկուների նկատմամբ երբեմնի սեռական ոտնձգության նշաններ։ Այսինքն՝ կկուն հեռացնում է իր զավակներին ենթագիտակցորեն նրանց փորձելով զերծ պահել իր իսկ հնարավոր ոտնձգություններից։ Սրա կողմնակի ապացույցն է նաև այն փաստը, որ Կկուն այնքան հեշտությամբ առաջնեկին և երկրորդ զավակին տրամադրում է Աղվեսին՝ ըստ էության թրաֆիքինգի նպատակով։
-Վա՛յ, չկտրե՛ս,
Աստված սիրես,
Էս մինն, ահա՛,
Տա՛ր քեզ ծառա,
Միայն թե էսպես
Մի ՛ջնջիր մեզ`
Բնով, տեղով,
Ամբողջ ցեղով:
Ամերիկացի իրավաբան Սփեսսարդ Լինդսի Հոլլանդը (Spessard Lindsey Holland et al) այս տողերում տեսնում է ծառում գտնվող բնի նկատմամբ ատրոֆացված սեփականատիրական մոտեցում. երեխա vs. տուն երկընտրանքում Կկվի հիվանդագին երևակայության մեջ գերիշխող է դառնում տունը: Նույն գիտնականը և եզրակացնում է, որ բունը վերցված է եղել հիփոթեկային վարկով, որի երկարամյա սպասարկումն էլ հենց առաջացրել է սույն խանգարումը։
Այս հատվածից հետո հեղինակն օգտագործում է հետևյալ՝ խիստ հետաքրքիր միտքը.
Խնդրեց մարիկ կկուն և ձագերից մինը ձգեց ներքև:
Աղվեսը` հա՛փ, առավ գնաց:
Կկուն ձագերից «մինին», ինչպես պնդում է հեղինակը, ձգում է։ Այս խնդրի շուրջ հակասությունների արդյուքում ձևավորվել է երկու դպրոց։ Նեոդասական դպրոցը պնդում է, որ «ձգել» ասելով հեղինակը բնութագրում է կոգնիտիվ աշխարհի սուբյեկտիվիզմը, իսկ նեոֆրոյդիստականները պնդում են, որ սա ուղղակի թաքնված պեդոֆիլիայի դրսևորում է (իսկ քանի որ կկվի ձագը նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչ է, ապա, թերևս, նաև զոոֆիլիայի - ծնթգր․ հեղ.)։
«Աղվեսը՝ հա՛փ...» հետո «առավ գնաց» հատվածը, թերևս, փաստում է երկրորդ մոտեցման օգտին՝ ակնարկելով նաև դրա դիմաց տրված վճարի մասին։ Սա, ըստ էության, մեկ անգամ ևս բացահայտ հավաստում է ձագերի թրաֆիքինից կկվի տնտեսական շահի ակնկալիքի ու դրա փաստացի ստացման մասին։
-Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ լա՛վ կուկու,
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ:
Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ խե՛ղճ կուկու…
Կկուն վերոհիշյալ հատվածում փորձ է անում իր համար «ալիբի» կառուցել, թյուր տպավորություն ստեղծելով, թե ինքը չգիտե յուր զավակների գտնվելու վայրի մասին, սակայն թույլ է տալիս կոպիտ սխալ, նշելով, որ սարը, որտեղ ենթադրաբար գտնվում է ձագը, սև է։ Այսինքն՝ ձագը գտնվում է Սև սարի անտառի թփի տակ, որտեղ, ըստ երևույթին, համանուն մոթել կա։ Այսպիսի «բացթողումներ» հաճախ են նկատվում մոլագար հանցագործների մոտ, ովքեր ենթագիտակցական ձգտում ունեն իրենց բացահայտելու, ինքնոչնչացման։
Կալիֆորնիայի համալսարանի ինստիտուտի պրոֆեսոր Մայքլ Լեմբը (Michael Lamb) այս երևույթը վերագրում է Հայաստանում տիրող օլիգարխիկ բարքերին, որտեղ Աղվեսը, լինելով օլիգարխիկ համակարգի վառ ներկայացուցիչ, բացահայտ թրաֆիքինգով է զբաղվում։ Զավեշտական է, որ Կկվի սանամեր Ագռավը վերջինիս մի էպիզոդում «լիրբ է անվանում»․
Ո՞վ է տվել էն լրբին սար,
Սարն ամենքիս է հավասար…
Ագռավը Թումանյանի մոտ ձախ ուժերի մարմնացումն է։ Նա, ենթադրաբար, սոցցանցերում ու հասարակական կյանքում անզիջում պայքար է մղում Աղվեսի դեմ, պիտակելով Աղվեսի նկարը «լիրբ», «անասուն», «ոչխար» և այլ ածականներով։ Ագռավը ռոմանտիկ կերպար է, ուտոպիստ։
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի` գնա:
Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց:
Այստեղ բացահայտվում է Ագռավի կերպարի սինությունն ու սնամեջությունը. եկավ, գռգռեց, խոստումներ տվեց ու թռավ գնաց։ Գրպանի օպպոզիցիոներին հարիր կերպար։ Արդի լեհ քաղաքագետ Բրոինիսլավ Կոմորովսկին (Bronisław Komorowski) այստեղ տեսնում է պատգամավորության ընդդիմադիր թեկնածուին հարիր պահվածք։ Հետագայում հեղինակը ավելի է խորացնում Ագռավի կերպարը՝ Աղվեսին ուղղված հետևյալ կոչում.
Ինձ քրքրի՛ր, ինձ կե՛ր հում-հում,
Տու՛ր ինչ պատիժ սիրտդ կուզի...
Մազոխիստական ենթատեքստից զատ, այստեղ բացահայտվում է օպոզիցիայի ծախվածության, օլիգարխիկ իշխանություններին վերջինիս անմնացորդ տրվելու ցանկության վերաբերյալ ողջ դառն ճշմարտությունը։
Այս ենթատեքստում ստորև բերված տողերը էլ ավելի են բացահայտում Աղվեսի կերպարի ողջ բազմազանությունը, այդ բառի հայկական, արդիական իմաստով ու նույնիսկ մեկնաբաման ենթակա չեն.
Արի՛ գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքա՜ն ուտես…
Շատ ժամանակ չանցած՝ ներկայացվում է Շան կերպարը՝ որպես օլիգարխիկ համակարգի հետ սերտաճած, հետը հարաբերվող կառույց։
Շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Ուշադրություն դարձրեք, որ Շունն Աղվեսին, ինչպես հեղինակն է ասում, «դրեց տակին» առանց հրապարակային դատական պրոցեսի։ Սրանով հեղինակը բավական չարագույժ կանխատեսումներ է տալիս հետագա զարգացումների մասին՝ ակնարկելով, որ ոչինչ չի փոխվի Սև սարում, այլ միայն Շունը կգրավի Աղվեսի թափուր տեղն ու կշարունակի շահագործել Կկվի ձագերին։ Իսկ Կկուն կշարունակի նոր ձագեր բերել ու մատակարարել այս փակուղի տանող համակարգը։