Նոր հերթական մի կեղծ բարեպաշտի գրած կարդացի, ով բռնել էր ու կեղծ բարոյապաշտական տոնով Վարդային էր մեղադրել, ինչ է թե վերջինս համարձակվել է ինչ-որ բարի գործ անել: Չէ՞ որ մեր քյառթու տկարամիտների մոտ միանգամից Պավլովի շան ռեֆլեքսն է միանում, երբ լսում են ստրիպտիզ, սեքս, էրոտիկ ու այլ նմանօրինակ բառերը:
Միանգամից ասեմ, որ ի սկզբանե հիմարություն է մերկապարը նույնականացնել պոռնկության հետ: Կրկնակի հիմարություն է անել դա Վարդայի պարագայում, քանի որ ոչ այդ բարեգործական շոուի ժամանակ, ոչ էլ վերջին տարիների ընթացքում Վարդան մերկապար չի պարել: Կա pole dance ասվածը, որն իրենից ներկայացնում է սպորտային ու մարմնամարզական էլեմենտներով հագեցած գեղեցիկ պարային համարներ, որոնց ժամանակ պարուհին նույնիսկ չի էլ մերկանում, ու հենց այսպիսի համար էլ ցուցադրել է Վարդան, ով, հիշեցնեմ, Եվրոպայի չեմպիոն է, ու կարելի է ասել, որ այս ոլորտի աշխարհի լավագույն ներկայացուցիչներից է: Խորանալով այդ հիմար թեզիսների մեջ՝ ցանկանում եմ անպայմանորեն նշել, որ մարդն իրոք լավ բանի համար է անում դա, ու իր արածի մեջ ոչ մի ամոթ ու վուլգար բան չտեսա:
Ասեմ ավելին, «մերկապարուհի» Վարդան շատ ավելի «նամուսով» տեսք ու կեցվածք ուներ, քան մեր էստրադայի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, բայց, չգիտես ինչու, մարդկանց մոտ հիստերիկ ռեակցիա է առաջանում հենց Վարդայի նկատմամբ: Ու առհասարակ, կա մի աներկբա իրողություն. բարի գործ անողին քննադատելը լավ բան չէ, իսկ եթե քննադատողն ինքն անգամ մոտավոր այդ ծավալի բան չի արել ու չի էլ կարող անել իր կյանքում, ապա այս ամենը վերածվում է աղվեսի ու ագռավի առակին:
Վերջում էլ ցանկանում եմ ասել, որ Վարդային շատ դրական ու ջերմ եմ վերաբերվում, քանի որ, բացի նրանից, որ գեղեցիկ աղջիկ է, ով չի ուրանում ու չի մոռանում իր ազգային պատկանելիության մասին, այլև շատ տաղանդավոր, աշխատասեր ու խարիզմատիկ մարդ է, և մի լսեք տարբեր հիմարների, ում մտավոր մակարդակն Իսլամական պետության շարքային մարտիկի մակարդակի է: