Երևանի դպրոցի տնօրենների խորհրդի վերջին նիստը ԿԳ ոլորտում տիրող տոտալ բառդակի խոսուն արտացոլումն է
Մի տեսեք, թե ինչ «հիանալի» ռեպորտաժ է: Այս տեսանյութն ասես լակմուսային թուղթը լինի այն բառդակի, որը տիրում է մեր կրթության և գիտության ոլորտում: Հենց առաջին կադրերից սկսվում են մեկը մյուսից ավելի սենսացիոն հայտարարություններ ոլորտի պատասխանատուների կողմից:
Սկզբում Աշոտյանի տեղակալը ոչ տանում, ոչ բերում, հայտարարում է, որ օրենքը լավ բան չէ, ու եթե բանը հասնում է օրենքին, նշանակում է՝ մարդկային հարաբերություններով կարգավորել հարցը չի հաջողվել: Եղբայր, իսկ կլինի՞, որ ես ԿԳ ոլորտի ներկայացուցիչների հետ հարաբերվելիս, առավել ևս՝ գործնական հարցերով, ստանամ ոչ թե մարդկային հարաբերություն, այլ մասնագիտական՝ հիմնված օրենքների վրա: Որ այնպես չլինի, որ ինչ-որ հարց ունենա մեկի երեխան, ու այդ հարցը կարգավորելու համար տնավարի-մարդավարի մաղարիչներ ուզեն ու էլի այլ բազմապիսի՝ օրենքով չնախատեսված, իսկ մարդկային հարաբերություններում բնականոն դարձած երևույթներ: Ընդհանրապես, խիստ տարօրինակ է օրենքի նկատմամբ նման վերաբերմունք տեսնել փոխնախարարի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից:
Փոխարենը, հաճելիորեն զարմացրեց Երևանի փոխքաղաքապետի խոսքը: Նախ՝ քաղաքապետի տեղակալը բռնեց ու բառիս բուն իմաստով ջախջախիչ քննադատության ենթարկեց «էլիտար» դպրոցների ու դրանցում իրենց երեխաներին կրթության տվող պետպաշտոնյաներին: Հավանաբար փոխքաղաքապետը տեղյակ չէր, որ, օրինակ, նույն ԿԳ նախարար Աշոտյանի երկու զավակներն էլ գնում են նման էլիտար դպրոցներից մեկը, այլ ոչ թե պետական դպրոց: Սա կարելի է համարել մեկ «ապտակ»՝ հասցված Աշոտյանի իմիջին:
Երկրորդ ապտակը հետևեց անմիջապես, երբ փոխքաղաքապետը քննադատեց Ներառական կրթության մասին օրենքը, որի համաձայն՝ նույնիսկ հոգեկան ծանրագույն շեղումներ ունեցող երեխաները նույն դպրոցներում ու նույն դասարաններում պետք է սովորեն, ինչ հոգեպես առողջ երեխաները: Ու փոխքաղաքապետը բարձրացրեց հարց, որը շատերին է հուզում. այո՛, պետք է հոգ տանել նաև հոգեկան ու առողջական արատներ ունեցող երեխաների մասին, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է աչք փակել առողջ երեխաների հոգեկան առողջության ու նման իրավիճակներում մշտապես առկա լուրջ ռիսկերի վրա: Հիշեցնեմ, որ Ներառական կրթության մասին օրենքը ԿԳ նախարարության վերջին տարիների գլխավոր ու ամենաաղմկահարույց ռեֆորմներից մեկն է:
Ու վերջապես, այս փառահեղ տեսանյութը չէր կարող չամփոփվել արջի ծառայությամբ՝ մատուցված Արմեն Աշտոյանին, երբ տնօրեններից մեկը հայտարարեց, որ կարևոր չէ, թե Աշոտյանին ոնց դիմավորեցին Բաղրամյանում, որովհետև նա հերոս է: Միանգամից ասեմ, այնպես չէ, որ Աշոտյանն ինձ մոտ ամենամեծ հակակրանք առաջացնող չինովնիկներից է: Գուցե քարկոծեք ինձ դրա համար, բայց ես նույնիսկ հակառակը կասեի, բայց Բաղրամյան այցելելը նրա կիքսն էր, որը պայմանավորված էր նրանով, որ ըստ իս՝ Աշոտյանը գերագնահատել էր իրեն ու կտրվել էր իրականությունից և մոռացել էր, որ ռեալ կանքը ֆեյսբուքի ստատուս չէ, որտեղ ենթականերդ ու երիտհանրապետականներդ քծնում ու գովում են քեզ, իսկ ոչ դուրեկան մեկնաբանությունները արագ կարելի է հեռացնել:
Մի խոսքով, այ այսպիսի շիլաշփոթ է տիրում կրթության ու գիտության ոլորտում, և ժողովրդական լեզվով ասված՝ շունը տիրոջը չի ճանաչում: Հետո էլ զարմանում եք, թե ինչու է ոլորտն ու որպես հետևանք՝ մատաղ սերունդն այսպիսի տեմպերով դեգրադացվում:
Հ.Գ. Աշոտյա՛ն, հրաշք երեխաներ ունես ու ամենայն բարիք իրենց, բայց դժվար է մտածել քո իմիջի համար ավելի սխալ քայլ, քան, լինելով կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն, չվստահել սեփական ոլորտիդ ու երեխաներիդ մասնավոր կրթական հաստատություն տալ: