358365-top_foto1-kx0iqԻրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը հաջորդ ուրբաթ ժամանելու է Թեհրան։ Նրա պատվիրակության կազմում ընդգրկվելու են 48 ընկերությունների ղեկավարներ։

Իրանի առևտրի, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության պալատի տվյալներով՝ Չեխիայի արտգործնախարարը Թեհրան է այցելելու 4-5 օրով։ Նրա պատվիրակությունում ընդգրկվել են նաև ավիաշինության, զբոսաշրջության, դեղագործական, տրանսպորտային, հորատման, հանքարդյունաբերության, երկաթուղային ու էներգետիկ ոլորտների ընկերությունների ղեկավարներ։

Նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 24 միլիոն դոլար, որից իրանական արտահանումը կազմել է 4 միլիոն դոլար, իսկ մնացյալ 20 միլիոն դոլարը բաժին է ընկել Իրան ներկրմանը։

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ սեպտեմբերին Իրան է ժամանելու Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, ով դրանով իսկ կդառնա հուլիսի 14-ին Վիեննայում «Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրից հետո Իրան այցելած ԵՄ անդամ առաջին երկրի ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել