Արցունքներն ակամայից թափվում էին աչքերից, ու յուրաքանչյուր կաթիլն այրում էր այտերը:
Պատասխան չուներ, ավելի ճիշտ` անիմաստ էր պատասխանել, քանի որ միևնույն է` ոչինչ չէր կարող ապացուցել:
- Տիկի´ն Սանթրոսյան, ինչպե՞ս կարելի է նման մարդու երեխային «չորս» նշանակել: Դուք ի՞նչ է, չե՞ք հասկանում, թե ինչպիսի անելանելի վիճակի եք հասցնում դպրոցը:
- Բայց Մոնիկան նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի քարտեզի վրա…
- Նա իր տեղը գիտի այս մոլորակի վրա, և նրան բավական է: Մի՞թե պարզ չէ:
Ձեր նման վերաբերմունքից, եթե շարունակվի, դպրոցը զրկվելու է և´ վերանորոգման ծախսերից, և´ համակարգիչներից, որ արդեն ինչքան ժամանակ է` սպասում ենք:
- Բայց ես… Հասկանո՞ւմ եք, նրա մայրն իմ դեմ լարվել է, որովհետև բոլոր ծնողների ներկայությամբ նկատողություն եմ արել, որ Կոմիտաս լսելիս հաց ու երշիկ չեն ծամում, այն էլ` Ֆիլհարմոնիայում… Չէ՞ որ…
- Այսքան տարվա մանկավարժական փորձ ունեք ու տարրական բաներ չեք հասկանում:
Մի՞թե չեք հասկանում, որ պետք է սկսել հարգել և ընդհանրապես չի կարելի նկատողություն անել նրանց, ում տարեկան եկամուտն հասել ու անցել է որոշակի սահմանը… Եթե մի անգամ էլ կրկնվի… Ես հասկանում եմ, որ զոհված ազատամարտիկի քույր եք, բայց այդ հանգամանքը Ձեզ իրավունք չի տալիս … Եթե մեկ անգամ էլ Մոնիկայի մայրը բողոքեց, մենք իրար հրաժեշտ կտանք:
Ես ասացի արդեն:

* * *
Մանկավարժական ինստիտուտն ավարտողներից առաջինն էր, որ կամավոր հանձն առավ մեկնել Քաշաթաղի դպրոց:
Պատերազմ էր:
Աշակերտները շատ չէին` տասներկուսը:
Բնակվելու պայմաններն անտանելի էին, բայց դիմացավ: Գիտեր նաև, որ եղբայրը մոտերքում է` ազատամարտիկների շարքերում:
Մեկ ուսումնական տարի աշխատեց ու այդպես էլ չտեսավ եղբորը:
Ձմռան մի խստաշունչ օր էր, երբ տանից կանչեցին դպրոցի տնօրենի մոտ:
- Ինչ-որ հանձնաժողով է գալու Հայաստանից` Երևանից: Պետք է տեղավորել դպրոցում: Երեխաներին զգուշացրո´ւ, որ մեկ շաբաթով դասեր չեն լինելու:
Բոլոր երեխաներին կտեղավորենք Սմբատ դայու տանը: Մի տեղ կտաքացնենք, որ չմրսեն: Հարմարն այդ տունն է: Նրա կինն էլ քեզ կօգնի:
Դպրոցի տնօրենը նախկին հրշեջ էր` միակ աշխատունակ տղամարդը: Մնացածը պատերազմում էին: Մանկավարժությունից հեռու մարդ էր, բարի ու համակերպվող:
- Վառարանների փայտը քո մոտից կվերցնենք: Հո չե՞ն սառելու: Հետո մի բան կմտածենք երեխաների համար:

* * *
Հանձնաժողովը, որ դպրոցի հարցերով չէր, բաղկացած էր վեց հոգուց: Անդամներն ասես զինվորականներ լինեին, բայց` քաղաքացիական զգեստներով:
Հենց այդտեղ էլ տեսավ նրան` Անդրանիկին:
Թիկնեղ էր, միջինից բարձրահասակ, կապույտ աչքերով:
Երեք օրվա ընթացքում հասկացավ, որ առանց նրա իր կյանքն անիմաստ է:
Օրերը, որ այստեղ անցնում էին ձանձրալի ու տանջալից, դարձան տոնական:
Հատկապես այն օրվանից հետո, երբ առաջին անգամ` գիշերը, դպրոցի բակում համբուրվեցին:
Երկրագունդը պտտվում էր նրա´նց համար:
… Մի գիշեր էլ, երբ սովորականի նման աստիճաններին նստած համբուրվում էին` քրքրված շալով ծածկված, գյուղը թնդաց արկի պայթյունի ձայնից:
Քանդվել էր Սմբատ դայու տան կեսը:
Բոլորը վազեցին դեպի երեխաների կացարանը:
Մոտ երկու ժամ տեղափոխում էին երեխաներին ու փլատակների տակ մնացած կահույքը, գրքերը…
Ձեռքերում ուժ չկար արդեն, ոտքերը հազիվ էին շարժվում, երբ մի կերպ հասավ դպրոցի շենք:
Հիշեց, որ այդ թոհուբոհի մեջ ոչ մի անգամ աչքին չերևաց Անդրանիկը:
«Աստվա´ծ իմ, մի՞թե… Ես կգժվեմ, եթե նրան մի բան պատահած լինի»:
… Անդրանիկին գտավ կողքի տան գոմի անկյունում` կուչ եկած, սարսափահար աչքերով:
Ոտքերի տակ երևում էր վառված գրքերի մոխիրը, որով փորձ էր արել տաքանալ:
Ատամները վախի՞ց, թե՞ ցրտից` չխչխկում էին: Ոչինչ չէր կարողանում ասել:
Վախի՞ց, թե՞ ամոթից` գլուխը կախել էր ծնկների վրա:
Մի կերպ թևատակերից բարձրացրած` քարշ տվեց մինչև դպրոցի աստիճանները:
Չէր ցանկանում օգնություն կանչել: Ամաչում էր նրա համար, բայց սիրում էր ու չէր կարող թողնել…
Առավոտյան, երբ մահճակալի մոտ ծնկած, գլուխը դրած Անդրանիկի անկողնուն` կիսաքուն էր, դպրոցի տնօրենի հետ ներս մտավ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Ղուկասյանը.
- Ի՞նչ է եղել այս մամայի բալային: Մրսե՞լ է:
- Չէ´, կարծես կոնտուզիա է, չի էլ կարողանում խոսել,- ամաչեց ստելու համար: Բայց հանուն նրա կարելի էր, սիրում էր:
- Այդ հեռավորությունից կոնտուզիա չեն ստանում, աղջի´կ ջան, - Ղուկասյանն արհամարհական ժպտաց ու դուրս եկավ:
Այդ և մնացած օրերին զբաղված էր քանդված տունը կարգի բերելով:
Անդրանիկը պառկած մնաց:

* * *
«Մի քանի օրից մեկնելու են, ի՞նչ է լինելու հետո»:
Հիշեց, ինչպես երեկ անկողնում Անդրանիկը շշնջաց .
- Դու հիմա հավերժ իմն ես, հավերժ:
Կռացավ, համբուրեց, համբուրեց, տրվեց:
«Դու եղար իմ առաջին տղամարդը ու այդպես էլ կմնաս: Ես վստահեցի քեզ, չնայած մենք ծանոթ էինք ընդամենը մի քանի օր: Հետո՞ ինչ: Ես չեմ փոշմանել: Ընդհակառակը` ուրախ եմ, որ հենց դու կարողացար ինձ ցույց տալ իսկական սիրո համը, կիրքը, զգացմունքների աշխարհը: Մինչ այդ ես այսքան կանացի չէի, զգայուն չէի, թույլ չէի իմ զգացմունքների հանդեպ»:
Հաջորդ` վերջին գիշերը նորից նստած էին աստիճանների վրա, երբ առանց խոսքի Անդրանիկը վերարկուի ծոցագրպանից հանեց ու մեկնեց բաց կապտավուն անմոռուկի մի ծաղկացողուն:
«Որտեղի՞ց էլ գտել է այս ձմռան կեսին»,- անցավ մտքով ու սեղմեց կրծքին:
- Ես քեզ Երևանում կսպասեմ, լա՞վ: Հիշի´ր հասցես…

* * *
Երկրագունդը պտտվում է:
Օրերն անցնում էին չափազանց ծանր: Անընդհատ սպասումների մեջ էր: Ամեն անգամ, երբ տեսնում էր, որ փոստատարն անտարբեր հայացքով էր անցնում դպրոցի մոտով, հիշում էր գիշերային համբույրների համը, շոյանքները, բառերը, որ ասես մատներով ճանկռում էին հոգին:
«Մի՞թե հնարավոր չէ գոնե մեկ տող, մեկ բառ գրել»:
Երկրագունդը պտտվում է:
Մի օր էլ, իրոք որ պտտվեց, քանի որ տեսավ կաղ փոստատարի` դեպի դպրոց` քայլերը:
Վազեց խելակորույս ու խլեց ձեռքից նամակը: Երևանից էր: Չհասցրեց նայել հետադարձ հասցեն: Միանգամից պատռեց ծայրն ու դուրս քաշեց նամակը:
Գրողը հայրն էր, որ խնդրում էր վերադառնալ Երևան: Եղբայրը զոհվել էր, երկու օրից հուղակավորությունն էր լինելու Եռաբլուրում:

* * *
Հասցեն լավ էր հիշում` Արամի 5:
Երբ մոտեցավ շենքին, սիրտն արագ բաբախում էր. «Եկել եմ հյուր` հավերժ մնալու համար»:
Առաջին հարկում ակնոցներով մի կին հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է գնում, ո՞ր հարկ:
- Հարկը չգիտեմ, Անդրանիկի մոտ:
- Ի՞նչ Անդրանիկ, աղջի´կ ջան: Ճի՞շտ հասցեով ես եկել:
- Քոչարյան Անդրանիկի: Իհարկե ճիշտ է:
- Դեպուտատի տղայի՞:
- Չգիտեմ, ի՞նչ դեպուտատ: Այսպես` թիկնեղ, կապույտ աչքերով…
- Արդեն երեք օր է, ինչ մեկնել են հարսանեկան ճամփորդության: Եթե գործ ունես, արի 10-15 օր հետո:

* * *
Մի անգամ հպարտությունս բացակայեց մի քանի րոպեով, ու ես կարողացա զանգել քեզ:
Խոսեցինք երկար, գրեթե ամեն ինչի մասին, բացի գլխավորից:
Գլխավորը մնաց լեզվիս տակ, ուռեցրեց լեզուս, ու չկարողացա ոչ մի խոսք ասել այդ պահին:
Դու ցանկացար ինձ առողջություն, անսահման երջանկություն ու …
… Իսկ ես այդքան հեռավորությունից սկսեցի քեզ ատել, ատել ու խելակորույս սիրել` ինչքան որ կարողանում էի:
Հազիվ կարողացա ասել . «Շնորհակալությո´ւն, զանգի´ր, երբ ժամանակ կգտնես: Ուրախ կլինեմ»: Ու դրեցի լսափողը:
Սիրտս, սիրտս բաժանվեց հազարավոր կտորների, ու ամեն մեկն սկսեց իր ձևով ցավել, ցավեցնել, բայց չկարողացավ մոռանալ քո շուրթերը, քո նուրբ ձեռքերը, քո խոսքերը` անսահման սիրո մասին:
Նորից եմ ուզում վերադառնալ Քաշաթաղ, զգալ քո շունչը ծոծրակիս:
Քայլել քեզ հետ ամայի բնակավայրերով (և ոչ ոք չիմանա, թե որտեղ ենք), զգալ քո ձեռքերի զգույշ հպումը շուրթերիս…
… Նորից զգում եմ քեզ, զգում կողքիս:
Մենք թաքնվեցինք այն բանից, որ առաջին անգամ կյանքում փորձեցինք:
… Մեր միջև ձգված տարածությունը չի թողնում վերադարձնել այն ամենը, ինչից երջանիկ էինք…
… Ե´վ իմ, և´ քո հպարտություններն անքուն հսկում են մեզ…
… Հետագա կյանքն էլ գնաց իր հունով` երկրագնդի պտույտներին համընթաց…
Բայց մի՞թե այս բոլորը կարող են թեթևացնել այն ցավը, որ ծնվել է սիրուց:
Իդեալական ցավ, որ բուժում չունի…

* * *
- Երկրագունդը պտտվում է: 
Քոչարյան Մոնի´կա, ազատի´ր ականջներդ այդ ականջակալներից: Դասն սկսվել է:
- Ինչպե՞ս, տիկի´ն Սանթրոսյան, չէ՞ որ սա Բոբ Մառլին է: Ինչպե՞ս կարելի է:
- Դա ո՞վ է, ի՞նչ կապ ունի աշխարհագրության հետ:
- Այն կապը, որ ամբողջ աշխարն է լսում նրան: Համ էլ` Ձեր ասած երկրագունդը բոլորի համար չէ, որ պտտվում է:
- Ինչպե՞ս: Ինչե՞ր ես խոսում, չեմ հասկանում:
- Հայրիկս ասում է, որ երկրագունդը պտտվում է միայն այն մարդկանց համար, ովքեր կարողանում են` «make money» անել: Իսկ հայրիկս ամեն բան գիտի: Նա դեպուտատ է, նա չի սխալվի: Նա պատերազմում էլ է եղել:
- Քո հայրիկը չի սխալվի, բայց դու ես սխալ հասկացել նրան, Մոնիկա՛:
- Միգուցե մայրի՞կս էլ է սխալվում:
- Ի՞նչ է, նույն բա՞նն է ասում մայրիկդ:
- Ո´չ: Ասում է, եթե երկրագունդը պտտվեր նաև տիկին Սանթրոսյանի համար, ապա նա գոնե շաբաթը մեկ շրջազգեստը կփոխեր:

* * *
Երկրագունդը պտտվում է:
Պտտվեց գլուխը, չհասկացավ` ինչ պատահեց: Սիրտը բռնած` ընկավ աթոռին:
Ոչ ոք չվազեց` օգնություն կանչելու:
Գիտակցությունը տեղն էր, բայց ասես հեռվից էր լսում աշակերտների խոսակցությունները:
- Դնում եմ 50 դոլար, որ կես ժամից ամեն ինչ վերջացած կլինի: Ո՞վ է համաձայն make money անել,- Մոնիկայի ձայնը ամենածակողն էր:
- Քսանհինգ հազար դրամ,- Արտաքին գործերի նախարարության աշխատակցի դստեր` Էլենի ձայնն էր:
- Երեսուն հազար դրամ, - լսեց Հրաչիկի՝ Թռչնաբուծական ֆերմայի տիրոջ տղայի ձայնը:
- Ո՞վ է ավել տալիս: Հաշվում եմ: Երեսուն հազար` մեկ, երեսուն հազար` երկուս…

* * *
Առաջին հարկում ակնոցներով մի կին հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է գնում, ո՞ր հարկ:
Տիկին Շուշանիկն ուշադիր նայեց կնոջը.
- Հարկը չգիտեմ, դեպուտատ Քոչարյան Անդրանիկի մոտ եմ գնում:
- Սպասեք զանգեմ, եթե կընդունի՞…
- Բայց չէ՞ որ սա բնակարան է: Սա հո ընդունարա՞ն չէ:
Ընդունեց:
Ներս չհրավիրեց: Աստիճանավանդակում հարցրեց, թե ումից է ծրարը` վստահեցնելով, որ պատրաստ է օգնելու ամեն ինչով:
Իմացավ, որ ուսուցչուհի Կարինե Սանթրոսյանից է:
Խնդրել էր, որ եթե իրեն որևէ բան պատահի, այդ ծրարը հասցնեն հասցեատիրոջը:
Զարմացավ:
Երկար նայեց հաստ ծրարին:
Կարծես տարիների` չուղարկված նամակներ լինեին:
Հենց տեղում բացեց ու ծրարի միջից հանեց թերթերի` խնամքով կտրած հատվածներ` իր մասին տեղեկություններով, որոնցում արտացոլված էր գրեթե իր ամբողջ կարիերան:
«Հավաքել է 11 տարի»,- մտածեց ու շրջեց ծրարը: Ասես պակաս թերթի կտոր էր փնտրում:
Ծրարից` սալիկապատ աստիճանավանդակին թափվեցին չորացած անմոռուկների թերթիկները ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել