1996թ. նախագահական ընտրություններին ԱՄՆ-ից իմ թեկնածությունը առաջադեցի ՀՀ նախագահական ընտրություններին: Գրավոր դիմումներ և նամակներ էի հղել Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին, մինչև անգամ իմ երբեմնի քաղաքական գործընկեր Պարույր Հայրիկյանին, որի՝ ամերիկյան աքսորից հայրենիք վերադառնալու համար անձամբ շատ մեծ պայքար եմ մղել ժամանակին: Նրանց, բոլորին խնդրում էի հնարավորություն ընձեռել ինձ՝ որպես ճակատագրով դրսում հայտնված հայորդու և Հայաստանի անկախության համար պայքարած քաղաքական գործչի, հնարավորություն տալ գրանցվելու և մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու: Ոչ մեկից այդպես էլ որևէ պատասխան չստացա: Ասեմ, որ մինչ այդ՝ տարիներ առաջ, Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանի միջոցով (գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյան) դիմել էի ՀՀ իշխանություններին վերականգնել ՍՍՀՄ-ից 1980թ. արտագաղթելու պատճառով ընդհատված քաղաքացիությունս, թեև այն ժամանակ անկախ պետականության չգոյության պատճառով չկար նաև ՀՀ քաղաքացիություն: Ասենք նաև, որ համաձայն միջազգային օրենքների, որոնք գերակա են հայաստանյան օրենքներին, մարդը երբեք չի կորցնում ի ծնե ձեռք բերված քաղաքացիությունը՝ անկախ այն բանից, թե ուրիշ քանի երկրի քաղաքացիություն է ստացել:
Իմ այս քայլին արձագանքեցին տեղի սփյուռքյան թերթերը, ամերիկյան «Glendale News Press» թերթը ամբողջ առաջին էջի վրա հարցազրույց զետեղեց ինձ հետ, արձագանքներ եղան մինչև անգամ հայաստանյան մամուլում՝ վերնագրելով նյութերը «Թեկնածու նաև օվկիանոսի այն կողմից»:
Իհարկե, իմ դիմումներին ոչ մի արձագանք չեղավ, միայն թեկնածուների գրանցման ժամկետի ավարտման վերջին օրվա նախօրեին պաշտոնական մի նամակ ստացա ԿԸՀ-ի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Ամիրյանից, որում գրված էր հետևյալ նախադասությունը՝ «Հարգելի պարոն Զատիկյան, Դուք չէք կարող առաջադրվել որպես ՀՀ նախագահության թեկնածու, քանի որ չեք հանդիսանում ՀՀ քաղաքացի»: Ավելացնեմ, որ 1993թ. քաղաքացիության վերականգնման դիմումս ընդունելիս գլխավոր հյուպատոս պարոն Բայբուրդյանը ինձ հայտնել էր, որ այս կարգի հարցերը վճռում է անձամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի զարմանս իմ այն հարցին՝ մի՞թե Հայաստանը համապատասխան օրենք չունի, որ անձամբ նախագահն է լուծում այս հարցը:
Հարգելի FB-ի ընկերներ, ես այս հեռակա, խորհրդանշական քարոզարշավի միջոցով հրավիրում եմ կամեցողներին մասնակցել այս թեմայի վերաբերյալ քննարկումներին, որի ընթացքում կարծում եմ կշոշափվեն շատ հետաքրքիր հարցեր, ի հայտ կգան ոչ պակաս հետաքրքիր փաստեր և իրադարձություններ, որոնք մեզ կօգնեն էլ ավելի լավ հասկանալու այսօրվա մեր անմխիթար վիճակի բուն պատճառները: Ես «քարոզարշավը» վերնագրել եմ այսպես՝ «Իսկ ինչո՞ւ պետք է մեր վիճակը լավ լիներ», որովհետև այսքան տևական ու շարունակական սխալներ անելուց հետո և այդ սխալներից դասեր չքաղելու հետևանքով օրեցօր սաստկացող մեր վիճակը ես համարում եմ միանգամայն օրինաչափ և գնալով ավելի ենք խրվելու ճահիճը, եթե ազգովի շարունակենք այսպես ապրել...