Մեր հայերը լրիվ խելքները գցել են… Իսկ երբ խելքները գցածներին սկսում ես եթեր տալ, դա արդեն հեչ լավ չի:
Քիչ առաջ Youtube-ն էի քրքրում ու պատահական աչքովս ընկավ մեր հայրենական երգարվեստի՝ իմ կողմից ամենաատելի ռեփեր «Սևի» տեսահոլովակներից մեկը: Որ ճիշտն ասեմ, չգիտեմ էլ, թե ինչի սեղմեցի Play կոճակին: Բայց այն, ինչ հետո տեսա հոլովակում, ստիպեց ինձ հավատալ, որ կյանքում պատահական բաներ չեն լինում ու պետք էր, որ դիտեի հոլովակը:
Ուրեմն մեր աշխարհի ամենախելոք ռեփերի միտքն առկայծել է, և վերջինս որոշել է մի խիստ կրեատիվ հոլովակ նկարահանել Երևանի փողոցներում: Ինքն ու ինտելեկտի մակարդակով իրենից շատ քիչ տարբերվող մյուս ռեփերը, օֆիսային աթոռը վերցրած, բռնաբարում են Երևանի երթևեկությունը: Նրանք թքած ունեն, որ փողոցով մեքենաներ են անցնում, թքած ունեն, որ հետիոտնին արգելվում է փողոցն ամեն պատահած կետից հատել, չգիտեն, որ օֆիսային աթոռը տրանսպորտի միջոց չի համարվում ու փողոցում այն չես կարող քշել: Մի խոսքով, երկու հերոսով 2 րոպե 36 վայրկյանում խախտում են բոլոր հնարավոր օրենքներրը, որոնք կարող է խախտել հետիոտնը: Ու այդ ամենը մի բան էլ եթեր են տալիս: Դե… հասանք տեղ:
Հա, իհարկե ամբողջ աշխարհում փողոցներում և՛ ֆիլմեր են նկարվում, և՛ հոլովակներ: Բայց դա անելուց առաջ գոնե պետք է դիմես քո երկրի տրանսպորտի նախարարություն, մուծես պահանջվող գումարը, ստանաս համապատասխան փաստաթուղթը, որը քեզ կթույլատրի փողոցն այսինչ ժամից մինչև այնինչ ժամը փակել և նոր կարող ես անել, ինչ ուզում ես: Իսկ նախարարությունը պարտավորվում է քաղաքացիներին ծանուցել, որ այս տարածքը ժամանակավորապես անանցանելի է:
Բայց մեր տղերքը կարծես որոշել են զիզի-բիզի թղթարարությունների հետևից չընկնել ու….
Մի խոսքով, շատ երկար չձանձրացնեմ ձեզ բարոյահոգեբանական խրատներովս... Ուղղակի ասեմ, որ մեծապես հույս ունեմ, որ այս գրությունս կկարդան պետավտոտեսչության աշխատակիցները և այս երկուսին կարգապահական տույժի կենթարկեն: Բարին ընդ Ձեզ:
Հ.Գ. Հա, ի դեպ, երգն աղբ է ! Չլսեք: