Երբ տեսա այս ավանակին, նրա գեղեցիկ աչուկներում մեծ թախիծ նկատեցի։ Երբ դրա մասին բարձրաձայնեցի, Patricia Cravyn–ը, ով այս ավանակի խնամակալն էր, նույն բանը բազմիցս լսած մարդու դեմքի հանգստությամբ սկսեց պատմել ինձ նրա կյանքի հուզիչ պատմությունը։
Երկու ծանրած (հղի) ավանակ տարիներ առաջ մոլորվում են մեծ փոթորիկի ժամանակ։ Հենց այդ դժվարին պայմաններում, մարդկային խնամքից հեռու, ծնում են իրենց ձագուկներին։ Բնապահպանական ընկերություններից մեկը գտնում է նրանց, հայտարարում որպես իր ընկերության թալիսմաններ և կնքում նրանցից մեկին Stormie, մյուսին՝ մեր հերոսին՝ Mudslide անուններով։ Խնամքն այդ պահին ավելի քան անհրաժեշտ էր Mudslide–ին, քանի որ նրա մայրը մահացել էր փոթորիկի ժամանակ՝ նրան լույս աշխարհ բերելուց անմիջապես հետո։ Mudslide–ն ու Stormie–ն մեծանում էին միասին, անբաժան ու հավատարիմ ընկերներ էին։
Եվ ահա, օրերից մի օր մեծ վթար՝ տոնախմբություններից մեկի ժամանակ… Stormie-ին փրկել չի հաջողվում…
Ընկերոջ կորստից անմիջապես հետո Mudslide–ին խայթում է օձը, ինչի պատճառով բնապահպանական ընկերությունը հրաժարվում է խնամել իր թալիսմանին։ Այդ ժամանակ տիկին Patricia Cravyn–ը (ինչպես ինքը պատմեց) «որդեգրում է» մեր հերոսին։ Այժմ նա հոգատար ձեռքերում է։
Լսում էի Patricia—ին ու մտածում, որ կենդանիներն էլ կարող են զգալ մայրական ջերմության կարիք, նրանք էլ կարող են ընկերանալ ու մեծ ցավ ապրել ընկեր կորցնելուց, կենդանիներն էլ գուցե կարող են մեժված լինելուց տխրել, երջանկանալ կարեկցանքի հանդիպելիս, կարոտել, ատել ու սիրել…
Այս ամենի վառ ապացույցն իմ տեսահոլովակի ավանակի աչքերն էին, որոնք ես դեռ երկար կհիշեմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/LiLitHovhannisyanOfficial/photos/a.522450334499567.1073741825.133133526764585/892214917523105/?type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել