Հայկական առաջին նամականիշերը... 1918 թ. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումից հետո նորանկախ երկրում հրատապ կերպով անհրաժեշտ էր կազմակերպել փոստային շրջանառության գործընթացը: Սկզբում այդ նպատակի համար օգտագործվեցին պահեստներում մնացած ցարական Ռուսաստանի հին նամականիշերը՝ հենց նրանք դրվեցին շրջանառության մեջ, և որպեսզի նամականիշերը որոշ չափով դառնան «հայկական», որոշվեց նրանց վրա թանաքով ուղղակի դրոշմել «Հ» տառը:
Հայկական առաջին պետական նամականիշերը տպվեցին արդեն 1920 թ. սկզբին Chassepot տպագրատանը Փարիզում՝ Արշակ Ֆեթվաճյանի էսքիզների հիման վրա (նկարում): Տպագրված խմբաքանակը մեծ դժվարությամբ հասավ Երևան 1920-ի նոյեմբերին: Բայց քանի որ երկրում պատերազմական ծանր վիճակ էր, այն պահեստավորվեց և այդպես էլ Առաջին հանրապետության օրոք չդրվեց շրջանառության մեջ: Սակայն նրանք, համենայն դեպս, հասցրեցին կատարել իրենց «առաքելությունը»` որպես ժամանակավոր փոստային նամականիշեր: Մինչ կտպագրվեին արդեն Սովետական Հայաստանի նամականիշերը, 1921 թ. կոմունիստական իշխանությունը շրջանառության մեջ դրեց այդ «փարիզյան» նամականիշերը՝ վրան դրոշմելով Սովետական Հայաստանի նորաստեղծ զինանշանը:
Արշակ Ֆեթվաճյանի ստեղծած նամականիշերը եղել են 3 նկարներով («Ճախարակ», «Արծիվ», «Արարատ»), ունեցել են 2 ձևաչափ՝ ուղղահայաց և հորիզոնական, և տարբեր գունային երանգներ: Ընդամենը տպագրված է եղել 10 տեսակի (ըստ գունային երանգների) նամականիշ՝ 1-ից մինչև 100 ռուբլի նոմինալ արժողությամբ:



