Իմ նամակը՝ հասցեագրված Հայկական բանակում ծառայող բոլոր զինծառայողներին

Բարև, հայ զինվոր: Գրում եմ ես՝ քեզ անծանոթ, բայց քո մասին շատ մտածող քույրդ: Դու իմ եղբայրն ես, իմ հպարատությունը, հարստությունս ու երջանկությունս: Դու այն մեկն ես, ում առաջ ես կարող եմ խոնարհվել ու շնորհակալություն հայտնել՝ ինձ, ընտանիքիս ու ազգիս պաշտպանելու համար: Դու այն խիզախն ես, ով գիշերներն արթուն է անցկացնում, միայն թե իր հարազատները հանգիստ քնեն: Դու այն համարձակն ես, որ սահման է պահում՝ իմանալով ամեն վայրկյան հասնող վտանգի մասին: Ես գիտեմ, որ քեզ համար հեշտ չի, ես հասկանում եմ քեզ: Հասկանում եմ, որ կարոտում ես ծնողներիդ, ընկերներիդ, հարազատներիդ, ինչու չէ նաև սիրածդ էակին: Ես գիտեմ, որ քեզ երջանիկ լինելու համար հիմա մի բան է պետք, շուտ ծառայել ու վերադառնալ տուն: Բայց հավատա, դու դեռ կհասցնես դա անել: Դու ունես քո առջև երկու տարի, որի ընթացքում դու ոչ թե պիտի պարտադրված ծառայես, այլ հասկանալով ծառայության իմաստը՝ պետք է նվիրվես հայրենիքիդ, պետք է զգաս, թե ինչպես է կոփվում հոգիդ, երակներովդ հոսում հայի արյուն, ու վերջում պետք է դառնաս տղամարդ՝ պիտանի ընտանիքիդ ու հայրենիքիդ: Դու չես ծառայում պետության համար, դու ծառայում ես քո ծնողների, քո ապագա երեխաների վառ ու լուսավոր մանկության համար, դու ծառայում ես քո, իմ ու մեր ազգի համար: Ես ուզում եմ, որ դու իմանաս՝ ես կողքիդ եմ: Ես գնահատում եմ քեզ: Գիտես՝ ես երազում եմ ծառայելու մասին: Ու թող սրանք զուտ խոսքեր չթվան: Եթե ես տղա լինեի, ես սիրով էի ծառայելու, բայց դե ի՞նչ արած, աղջիկ եմ ծնվել ու չեմ կարող քեզ պես զենք բռնել ու կանգնել սահմանին, բայց ես գիտեմ, որ կարող եմ այստեղից՝ երկրի ներսից, քեզ օգնել: Գիտե՞ս՝ ինչպես՝ քեզ համար ամեն գիշեր աղոթելով, ամեն վայրկյան Աստծուց քո համար խաղաղ գիշեր խնդրելով: Ես կարող եմ ու հենց այդպես էլ անում եմ: Եկեղեցում վառածս մոմերից մեկը միշտ առանձնահատուկ է, որովհետև այն քեզ համար է: Աստված միշտ քո կողքին է, դու էլ իմ պես աղոթիր քնելուց առաջ, ու երբ զգում ես, որ վտանգ է մոտենում, պարզապես պատկերացրու, որ Աստված կողքիդ կանգնած է, ու դու հաստատ հաղթող դուրս կգաս պայքարում: Աստված ամենուր է, իմ, քո և անգամ այս նամակի մեջ: Ուղղակի գտիր քո միջի Աստծուն, հավատա նրան ու կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես քեզ երբեք մենակ չեմ թողնի՝ քեզ շատ սիրող ու հարգող հայուհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել