Շատ համեղ թխվածքաբլիթ, որը պատրաստվում է ամենապարզ բաղադրիչներից: Ֆրանսերենից թարգմանաբար «Սաբլե» նշանակում է ավազ: Այս թխվածքաբլիթը յուրահատուկ է հենց իր փափկությամբ և փխրունությամբ: Իսկ նման փխրունություն ստանալու համար «Սաբլե» թխվածքաբլիթ պատրաստելիս խմորի մեջ ավելացնում են խաշած ձվի դեղնուց: «Սաբլե» թխվածքաբլիթները լինում են տարբեր ձևի և պատրաստվում են տարբեր համային հավելումներով:

Բաղադրիչները`

3 հատ ձու
220 գր կարագ
4 ճշ գդ շաքարավազ
1 պտղունց վանիլին
1/3 թ գդ աղ
1 ճշ գդ կակաո
270 գր ալյուր (140 գր բաց գույնի խմորի համար, 130 գր մուգ խմորի համար)

Պատրաստման եղանակը`

1. Ձուն խաշել, մաքրել, դեղնուցները և սպիտակուցներն առանձնացնել (սպիտակուցներն այս թխվածքի համար հարկավոր չեն): Դեղնուցները պատառաքաղով տրորել:
2. Կարագը, շաքարավազը, աղը, վանիլինը լավ խառնել և ավելացնել դեղնուցների վրա:
3. Ստացված զանգվածը բաժանել 2 հավասար մասի: Մեկ մասի մեջ ավելացնել կակաոն և խառնել:
4. Այնուհետև ավելացնել ալյուրը և հունցել 2 տեսակի խմոր:
5. Մուգ և բաց խմորներն ուղղանկյունաձև գրտնակել (14х9 սմ.):
6. Մուգ խմորի վրա դնել բաց գույնի խմորը, թեթևակի սեղմել և 30-40 րոպե թողնել սառնարանում:
7. Խմորի եզրերը դանակի օգնությամբ հավասարեցնել:
8. Կտրել միևնույն լայնությամբ 4 ձողեր:
9. Խմորից ձողերը երկուական շարել այնպես, որ բաց ձողը լինի մուգի վրա, իսկ մուգը` բացի:
10. Խմորե երկգույն ձողերը 1 սմ հաստությանբ կտրատել: Ջեռոցի թավան յուղաթղթով ծածկել, թխվածքաբլիթները շարել մեջը: Թխել 180-190С տաքացված ջեռոցում` 10-15 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել