Անձրևի կաթիլներն այնքան զգույշ ու համաչափ են թակում պատուհանը, որ անկարող ես անտարբեր մնալ:
Անձրևը փորձ է անում մտնել ներս, բայց ինչպե՞ս:
Պատուհանագոգին ոտքերը մաքրում է, քաղաքավարի թակում, խնդրում ներս թողնել:
«Ես գիտեմ, դու ինձ սիրում ես: Դո´ւրս արի, կամ ներս թող ինձ»:
Վերջնականապես նրանց ձայներն ինձ ստիպեցին վեր կենալ անկողնուց:
Մոտեցա պատուհանին ու նայում եմ:
«Եթե Մարինան չնեղանար, ես անպայման…»:
Սիրում եմ մեքենա վարել դանդաղ անձրևի ժամանակ:
Միացնում եմ երաժշտությունն ու Երևան-Արտաշատ խճուղով 70 կմ/ժամ արագությամբ հանգիստ վարում:
Դե, ամեն մարդ մի ձևով է հանգստանում: Բայց այսօր կիրակի է, հրավիրված եմ խաշի` ընկերոջս մոտ: Երբ երեկ Մարինային ասացի, որ չենք կարող վաղը հանդիպել, հասկացա, որ կսկսվի մի նոր համաշխարհային պատերազմ` իր խանդի պատճառով:
- Ինչո՞ւ խաշից հետո չենք կարող, քանի՞ ժամ է տևելու, որ…
- Դե, սխտորի հոտով ի՞նչ թատրոն, Մա´ր ջան, առանց այդ էլ ամբողջ շաբաթ աշխատում եմ…
- Ես էլ քեզ հետ կգամ, ընկերոջդ տանն է, չէ՞, ի՞նչ կլինի որ…
- Դե, միայն տղամարդկանցով ենք…
- Ընկերդ ամուսնացած է, չէ՞, գալիս եմ, վերջ:
* * *
Առանց խանդի, կրքի ու սպասման կյանքը տխուր է, նման սև-սպիտակ լուսանկարների, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է, բայց լիարժեք չէ:
Հետաքրքիր է, ինարավ ո՞ր է որոշել խանդի չափը:
Խանդոտ մարդիկ կրքոտ են լինում: Հուսադրող նախապայման է Մարինայի հարցում:
* * *
Երբ սուրճի բաժակով մոտեցա պատուհանին, հեռախոսը զնգաց:
- Կարե´ն, ողջո´ւյն , պետք է փրկես,- առանց նախաբանի լսեցի գործընկերոջս ձայնը:
- Լյո´վ ջան, խաշի եմ, Մարինայի հետ: Գիտես, որ հանկարծ այս անգամ էլ չհանդիպեմ…
- Մի ժամվա պատմություն է, ինքնասպանության փորձ Մերձավանում: Դու միայն արձանագրությունը կազմիր, ես կշարունակեմ հետո: Զոքանչիս շտապ հիվանդանոց եմ հասցնելու: Մարինային էլ հետդ տար: Թո´ղ մեքենայում սպասի: Ես կհասնեմ, խնդրում եմ:
* * *
Սարալանջի ճանապարհը դատարկ է: Կիրակի այս ժամերին մեքենաներ չեն լինում, ուր մնաց թե մարդ, այն էլ այս անձրևոտ եղանակին:
Հենց այդ միտքն էլ սղոցեց ուղեղս, երբ տեսա մի մանկամարդ կնոջ` դանդաղ քայլելիս:
Կանգնեցրի մեքենան, կողադուռը բացեցի ու տեսա, որ լաց է լինում:
- Ես իջնում եմ մինչև Բագրատունյաց` ոստիկանության շենքի մոտ, նստիր:
Նստեց` առանց ձայն հանելու: Դողում էր` թրջված:
- Ի՞նչ է եղել: Այս ժամին, անձրև տակ, մենակ:
Ձայն չհանեց: Թաշկինակով աչքերն է սրբում:
* * *
Այդպես լինում է:
Երբ քեզ նեղացնում կամ չեն հասկանում, թվում է` աշխարհը քանդվել է ոտքերիդ տակ, չունես քայլելու տեղ, կյանքի իմաստը ձևափոխվում է արցունքների, ցանկանում ես թաքնվել բոլորից:
Ցանկանում ես լինի այնպես, կարծես քեզ կորցրել են ու հիմա ընկած փնտրում են:
* * *
Երբ մի քիչ կարծես տաքացավ, առանց ձևականությունների սկսեց:
- Ամուսինս նորից գիշերը տուն չեկավ: Առավոտյան եկավ` հարբած ու ինչպես ամեն անգամ, նայի´ր:
Մի քիչ բարձրացրեց շրջազգեստը. ոտքերին կապտուկներ էին:
- Զզվել եմ արդեն, գնալու տեղ չունեմ: Գնում եմ մորաքրոջս մոտ: Եթե կընդունի կմնամ: Ես ոչ ոք չունեմ, մանկատանն եմ մեծացել:
- Որտե՞ղ է ապրում մորաքույրդ,- մի բան ասելու համար հարցրեցի ու նայեցի դեմքին:
Կարծես հանգստացել էր քիչ:
Գեղեցիկն է, հաճելի կազմվածքով:
- Երրորդ մասում, կինոյի շենքում:
- Ես քեզ մի քիչ շուտ կիջեցնեմ, լա՞վ: Մի կնոջ պետք է վերցնեմ: Որ տեսնի մենակ չեմ, լավ չի ստացվի, շատ խանդոտ է:
- Քո նմանին արժե խանդել, - միանգամից անցավ դու-ի` շարժելով զարմանքս, որ այդ վիճակում դեռ կարողանում է կատակել:
* * *
Այդպես լինում է:
Վիրավորանքից հետո անցնում է մեկ օր, հետո նորից մեկը, և կյանքը նորից նայում է աչքերիդ մեջ՝ հիշեցնելով իր գոյության անառարկելի փաստը:
Կյանքը քեզ հիշեցնում է իր մասին, քո մասին և դու դառնում ես արդեն ոչ այնքան մռայլ:
Վիրավորանքը, որ թրջել էր աչքերդ, արևի ջերմությունից, որ արդեն զգում ես, վերածվում է անձրևի կաթիլների, որոնք էլ գոլորշիանում են այտերիդ վրայից:
Հետո մազերիդ մեջ է ներխուժում քամին ու իր ամենազոր ձեռքերով խառնում մազերդ, փորձում է մաքրել այտերիդ վրա արցունքներից մնացած չորացած աղի հետքերը, փորձում է…
Մարմինդ մաքրվում է, իսկ հոգուդ վրա մնում են աղի հետքերը, սպիանում՝ պարբերաբար հիշեցնելով քեզ իրենց մասին:
* * *
Ես դեռ շատ հեռվից տարբերեցի Մարինային` կանգառից քիչ վերև կանգնած:
Եթե մի հիսուն մետր էլ մոտենամ, մեքենաս կճանաչի:
- Այստե´ղ իջիր: Ես արդեն հասա: Քեզ հաջողությո´ւն, քիթդ մի´ կախիր: Կյանք է, ամեն բան էլ պատահում է:
- Մի քիչ էլ իջիր: Ոստիկանության մոտ շտապ կիջնեմ: Միգուցե միանգամից էլ բողոք գրեմ, մեկ է` անձրև է, ու մոտս փող չկա:
Մեկնեցի մի հինգհազարանոց ու դանդաղ վարելով, երբ հասա Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ, կանգնեցրի մեքենա:
Ձեռքի ափում սեղմած թղթադրամը` թեքվեց ու փաթաթվեց ինձ:
Մարինան տեսել էր մեքենաս ու մոտենում էր` առանց հովանոցի:
Փորձեցի ձեռքերն ազատել պարանոցիցս, ու մի ապտակ ստացա դեմքիս: Հոտո բացվեց մեքենայի դուռը:
- Թո´ղ ինձ, սրիկա´, վավաշո´տ, մամա´, օգնությո՜ւն- սկսեցի հարվածներ ստանալ դեմքիս:
Ոստիկանության շենքից դուրս վազեցին մի քանի ոստիկան, ու չհասկացա, թե ինչպես` հասցրեցին ձեռքերս ոլորել ու հարվածելով գլխիս ու փորիս, մեքենայից հանեցին դուրս:
Տեսա Մարինայի սարսափած աչքերը:
* * *
Այդպես լինում է:
Մի´ լաց եղիր քեզ վիրավորողի կամ նեղացնողի պատճառով, այլ ժպտա ու ներիր…ավելի հեշտ կլինի և´ քեզ, և´ նրանց համար:
Նայի´ր հոգուդ արտացոլանքին սիրո մաքուր լճի մեջ: Նայի´ր ու կտեսնես, որ այն աղավաղված չէ:
Կզգաս, որ ինչ- որ մի աներևույթ ձեռք կոփում է քո զգացմունքները, հզորացնում քո կիրքը: Չէ՞ որ ինքդ ես նրա առաջ կամավոր բացել քո սրտի դռները, ինքդ ես թույլ տվել ներթափանցել քո մեջ…
* * *
Մոտ երկու ժամ հետո բացվեց վանդակաճաղերով դուռն ու մի ոստիկանության սերժանտ դիմելով ինձ` արհամարական շպրտեց:
- Քննիչի մոտ:
Քննիչն իմ հասակակիցն էր:
- Նստի´ր: Հիմա էլ օրը ցերեկով, ոստիկանության շենքի առջև, բանուկ փողոցում բռանաբարելու տե՞ղ ես գտել: Դու գնա´, - դիմեց սերժանտին:
- Պարո´ն մայոր, սրա մեքենան ի՞նչ անենք, փողոցում է մնացել, գրպաններում էլ փաստաթուղթ չկա:
- Մտցրու բակ, ես հետո կասեմ:
Երբ սերժանտը դուռը բացեց, որ գնա, ներս ընկավ Մարինան` լացակումած աչքերով:
- Ո՞ւր, ո՞ւր եք մտնում: Մի րոպե դրսում սպասե´ք, - մայորը չհասցրեց վեր կենալ տեղից:
Մարինան մոտեցավ, կանգնեց իմ դիմաց ու.
- Սրիկա´… - թքեց երեսիս, շուռ եկավ ու հեռացավ:
Ես չհասկացա, ինչ կատարվեց: Չգիտեմ ինչ անել: Կարծես քնի մեջ լսեցի մայորի ձայնը.
- Ո՞վ էր:
- Հարսնացուս: Լսի´ր, մայո´ր, կարո՞ղ ես ասել` ի՞նչ է կատարվում: Դու գիտե՞ս` ես ով եմ…
- Ձա´յնդ, հիմա կպարզենք: Ինչո՞ւ ես առանց փաստաթղթերի:
- Բոլոր փաստաթղթերս մեքենայի աջ նստարանի պաստառի տակ են: Սերժանտին ուղարկիր, թո´ղ բերի: Ոչինչ չկարողացա բացատրել ոչ մեկին: Ինձ լսող չկար` այս երկու ժամ է:
- Լա´վ , դու ինձ մ´ի սովորեցրու…
Երբ սերժանտը մտավ ներս` ձեռքում բռնած փաստաթղթերս, զարմանքով նայում էր ինձ ու չգիտեր մոտենար ի՞նձ, թե քննիչին:
- Ի՞նչ ես շշմած կանգնել, բե´ր տեսնեմ:
Սերժանտը մեքենայիս փաստաթղթերն ու ոստիկանության վկայականը դրեց սեղանին ու առանց թույլատվություն հարցնելու դուրս փախավ սենյակից:
… - Կարե´ն ջան, թյուրիմացություն է: Դե, այդպես լինում է, ինքդ գիտես էլի: Անցած լինի: Ինչո՞ւ շուտ չէիր ասում, բա մենք կոլեգաներ ենք…
- Թողեցի՞ք, որ մի բան ասեմ: Ասես բոլորդ պատրաստ սպասում էիք…
- Չէ, ի՞նչ ես ասում: Նստիր բազմոցին: Հիմա իրար հետ սուրճ խմենք կոնյակով ու մեր ծանոթության…. Վե´ր կաց, վե´ր կաց…
- Սերժանտդ բջջայիս ինչո՞ւ չբերեց: Մեքենայում մի տեղ ընկած կլինի, պետք է շտապ զանգեմ, համարն անգիր չեմ հիշում:
- Դա ի՞նչ խնդիր է: Հիմա, հիմա ամեն ինչ կընկնի իր տեղը:
Սեղմեց սեղանի վրայի սարքի կոճակներից մեկը:
- Հասմի´կ, երկու սո´ւրճ, կոնյակո´վ, սերժանտին էլ ասա` գա:
Ես բազմոցին նստած նայում էի գրասեղանի մոտ նստած քննիչին ու մտքերով հեռու էի, երբ դուռը բացվեց ու սերժանտը զեկուցեց.
- Պարո´ն մայոր, տակնուվրա եմ արել մեքենան, ո´չ մի բջջային չկա:
- Լա´վ, գնա´, մի բան կմտածենք:
Ներս եկավ քարտուղարուհին: Ձեռքին սկուտեղը՝ կանգնեց մեջքով դեպի մայորը ու կռացած` սեղանին սկսեց շարել սուրճի ու կոնյակի բաժակները:
Ես մայորին չէի տեսնում: Քարտուղարուհու մարմինը փակել էր տեսադաշտս:
Ասես փոթորիկից `բացվեց կաբինետի դուռն ու ներս խուժեց ինչ-որ մեկը:
- Ի՞նչ է, այս անգա՞մ էլ ես խաբելու: Անցած անգամ քսան հազար պարտք մնացիր, հիմա՞ ինչ կասես: Սերժանտն ի՞նչ է ասում, թե այս անգամ էլ չկպավ, ինչ-որ ոստիկանության աշխատակից է: Ես իմ գործը արեցի: Ես էլ եմ չէ՞ ընտանիք պահում:
Քարտուղարուհին` վախեցած մի կողմ քաշվեց: Ես տեսա մայորի կարմրակատած դեմքն ու մեքենայիս միջի մանկամարդ կնոջը:
- Ինչե՞ր ես դուրս տալիս: Դո´ւրս արի սենյակից, հետո կխոսենք:
- Ես Լարիսան չլինեմ, թե քթերիցդ չհանեմ: Դե, կտեսնես,- առանց իմ կողմը նայելու` դուրս եկավ սենյակից:
* * *
Այդպես լինում է:
Քո ճանապարհն ընտրելու իրավունքը մի´ տուր ուրիշներին: Նրանք կարող են սխալվել` առանց հաշվի առնելու, որ այդպես պատահում է յուրաքանչյուրի հետ, այդպես պատահում է հաճախ….
Հակառակ դեպքում՝ աչքերիդ առաջ կբացվի զգեստապահարանի դուռը, ու այդ դռան վրա կտեսնես սև շորերով, երկար ոտքերով, կնճիռներից սմքած դեմքով, խամրած աչքերով մի պառավի…
Կտեսնես, թե ինչպես է դողացող ձեռքերով բռնել շորի փեշն ու մաքրելով բերանից հանած արհեստական ատամնաշարը` հետաքրքրությամբ նայում քեզ:
Չես կարող չհարցնել.
- Դու ո՞վ ես…
Նա անվարան կպատասխանի.
- Ճշմարտությունն եմ: Քեզ հյուր եմ եկել…
- Եվ ի՞նչ ես ուզում:
- Ուզում եմ բոլորին տարածես իմ մասին, որ կամ, որ գոյություն ունեմ, նկարագրես ինձ:
- Ի՞նչ տարածեմ:
- Որ ես երիտասարդ եմ ու շատ գեղեցիկ…
* * *
Մերձավանում ինքնասպանության փորձ արած կնոջ անունն էլ է Մարինա:
Արտագնա աշխատանքների մեկնած ամուսնուն Ռուսաստանում սպանել են, երեք երեխային կերակրող չկա: Մնացել է մենակ կյանքի հարվածներին դեմ հանդիման ու պայքարելու ուժ չի գտել իր մեջ:
Փող աշխատել չգիտե: Երբեք չի աշխատել: Պահել ու մեծացրել է երեք երեխա, որոնք սոված ու ոտաբոբիկ վազվզում են տան մեջ:
Անունը Մարինա:
Մարինա:
Ինչո՞ւ պետք է զանգեմ: Ինչո՞ւ պետք է արդարանամ: Ի՞նչ եմ արել:
Մի՞թե մեղավոր էի, որ անձրև էր, կիրակի, որ սիրում եմ մենակ հանգստանալ, որ Լյովի զոքանչի մեզի մեջ արյուն են հայտնաբերել, որ անտարբեր չեմ կարողանում անցնել դժվար դրության մեջ հայտնված մարդկանց կողքով….
Երևի մեղավոր եմ, չգիտեմ:
* * *
Այդպես լինում է:
Քո ամենալավ բարեկամը՝ ժամանակը, հավատարիմ շան նման կլիզի քո բոլոր վերքերը, այնպես որ, ոչ մի սպի չի մնա:
Կյանքը կանցնի աչքերիդ առաջ, ինչպես որ մեքենայի պատուհանի առջևից անցնում են ճամփեզրի ծառերը, որոնք ասես քո կյանքի ճանապարհին հայտնված մարդիկ են:
Հաճախ ճանապարհից հոգնած` կանգնում ես որևե ծառի մոտ, հանգստանում ստվերում, հետո նորից ստիպված` շարունակում, քանի որ կյանքը գնում է առաջ: Դու չես կարող նույն տեղում մնալ: Պետք է գնաս, ինչքան էլ հաճելի լինի հանգստանալը:
* * *
Արդեն մութն ընկնում էր, երբ մեքենայով մտա իմ բակ:
Մեքենայի անվտանգության համակարգը միացրեցի ու մոտեցա շքամուտքին:
Մի ստվեր մոտեցավ ինձ ու մեկնեց ձեռքը:
Մի հինգհազարանոց թղթադրամ էր ու իմ բջջային հեռախոսը:
- Կներես, հա՞: Ես էլ եմ ընտանիք պահում: Չես բողոքի, չէ՞:
Անխոս վերցրեցի հեռախոսս:
Ուշադիր փնտրելով հեռախոսի էկրանին` «Մարինա» անունը ջնջեցի:
- Ի՞նձ ես թողնում փողը: Պե´տք չէ: Չնայած, գոնե մանկապարտեզի գումարը կփակեմ:
* * *
Բարձրանում եմ աստիճաններով:
Ճանապարհդ երկար է: Ուրիշ ծառեր էլ կլինեն, որոնք քեզ են սպասում:
Եթե փորձես վերադառնալ անցյալ, քո ամենալավ բարեկամը՝ ժամանակը, կկատաղի, ինչպես շունն է կատաղում, երբ շոյում ես նրա մորթը` մազերին հակառակ ու արդեն կատաղած` կսկսի կրծոտել քո հին վերքերը…
Այդպես էլ է լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել