shtormNews Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավերը փոթորկի պատճառով այսօր չեն կարողանում մտնել Վրաստանի Փոթի նավահանգիստ։ Այդ մասին հայտնել է նավահանգստի աշխատակազմի ղեկավար Մարիամ Նադարայան։

Փոթիում եղանակային անբարենպաստ պայմանները սկսվել են մի քանի օր առաջ։ Տեղատարափ անձրևների հետևանքով անցած գիշեր ջուրը լցվել է քաղաքի կենտրոնական փողոցներ ու շենքերի առաջին հարկեր։ Փոթիի ափերի մոտ փոթորկի ուժգնությունը կազմել է 4 բալ։

Նադարայան հայտարարել է. «Ներկա փուլում նավերը փոթորկի պատճառով չեն կարողանում ելումուտ անել Փոթիի նավահանգստից։ Երեկ գրանցվել է չորսբալանոց փոթորիկ։ Մենք ակնկալում ենք, որ օրվա երկրորդ կեսին իրավիճակը կբարելավվի, և գործընացը կվերսկսվի։ Ցանկանում եմ ընդգծել, որ այստեղ որևէ արտակարգ բան չկա, և որ դա սովորական իրավիճակ է նավահանգստի համար»։

Ինչ վերաբերում է Բաթումի նավահանգստին, ապա այնտեղ, ի տարբերություն Փոթիի, հանգիստ իրավիճակ է։ Բաթումի նավահանգստի կապիտան Թենգիզ Գադիլիան հայտարարել է, որ չնայած փոթորկոտ իրավիճակին, նավերը գործում են սովորական ռեժիմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել