Картинки по запросу евгения васильеваՃիշտն ասած` գլուխ չեմ հանում Ռուսաստանում ծավալվող վերջին ուշագրավ զարգացումներից։ Երեկ հայտնի դարձավ, որ պայմանականով ազատ է արձակվել վերջին տարիների ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալով գլխավոր մեղադրյալ Եվգենիա Վասիլյևան, ու հերիք չէ՝ ազատ է արձակվել, դատարանի որոշմամբ նրան պետք է վերադարձվեն ձերբակալությունից հետո նրա տնից առգրավված ողջ ոսկեղենն ու զարդերը, որոնց գինն այդ պահին շուրջ միլիոն դոլար էր կազմում:

Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ հսկայական չափի շորթումներ ու յուրացումներ բացահայտվեցին ՌԴ պաշտպանության նախարարությունում, ու թեև բոլորի համար ակնհայտ էր, որ այդ ամենի հետևում կանգնած էր Պուտինի մտերիմ ընկերն ու այդ ժամանակ պաշտպանության նախարար հանդիսացող Սերդյուկովը, ողջ կուժն ու կուլան թափեցին նրա օգնականի՝ Եվգենիա Վասիլյևայի գլխին (հետո պարզ դարձավ, որ Սերդյուկովին փրկել է Պուտինը՝ առանց աղմուկի նրան համաներմամբ ազատելով պատժից): Քրեական գործով ապացուցվել էին միլիարդավոր ռուբլիների հասնող վնաս պատճառելու դրվագներ, ու ի վերջո Վասիլյևային դատապարտել էին ընդամենը 5 տարի ազատազրկման, բայց այս ողջ ընթացքում նա առավելապես իր պատիժը կրել էր իր շքեղագույն էլիտար բնակարանում՝ տնային կալանքի տեսքով:

Ու հիմա իմանում ենք, որ Վասիլյևային, ով, ի դեպ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կնոջ զարմուհին է, ազատ են արձակում, թեև չկար ոչ մի մեղմացուցիչ հանգամանք, ու լկտիաբար նրան են վերադարձնում թալանի արդյունքում կուտակած հարստությունը:

Հիմա ակամայից հարցեր են ծագում:

Եթե Պուտինը տեղյակ էր սրա մասին, ապա նման որոշում կարող էր կայացվել միայն նրա համաձայնությամբ: Բարդ է հասկանալ նման որոշման տրամաբանությունը՝ հաշվի առնելով, որ նման որոշումն ուժգին հարված է նրա վարկանիշին, քանզի Վասիլյևան ռուս ժողովրդի համար մարմնավորում է հղփացած ու ցանկացած սահման ու ամոթ կորցրած չինովնիկի կերպարը, որի ձեռքը բռնել են գողության պահին: Հանուն ինչի՞ էր պետք գնդակահարության ենթակա այս օձին նման ցինիզմով ազատ արձակել, ինձ համար խորապես անհասկանալի է:

Եթե Պուտինը տեղյակ չէր այս մասին, ինչը շա՜տ քիչ է հավանական, ապա սա առնվազն պալատական հեղաշրջման նախանշան է ու միտումնավոր արված դիվերսիա՝ Պուտինին հեղինակազրկելու ու տապալելու համար: Եթե հետևեք ռուսական վիրտուալ մեդիա դաշտի մեկնաբանություններին ու տրամադրություններին, կտեսնեք, թե ինչ կտրուկ է աճել դժգոհ ռուսաստանցիների թիվը, ու ինչ խորը հիասթափություն է առաջացրել այս որոշումը մարդկանց մոտ:

Ինչևէ, այս ամենը հերթական անգամ վկայում է, որ լիբերալ հայացքների տեր առաջնորդները, այն էլ ամենապիղծ միջավայրից սերող, ինչպիսին Ելցինյան կլանն ու Խորհրդային ԿԳԲ-ի արևմտամետ ճամբարն են, երբեք չեն կարող արդյունավետ կառավարել Ռուսաստանի նման հսկայական ու սպեցիֆիկ երկիրը: Այնտեղ մեծ առաջնորդներ դառնում են միայն նրանք, ովքեր երկաթյա կամք ու ամուր ձեռք են ունենում, իսկ նման ճահճային վիճակներից ռուսական հանրությանը պարբերաբար դուրս են բերում ռեպրեսիվ եղանակներով: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի փրկությունը ոչ թե պուտիններն են, այլ ստալինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել