Նախորդ տարվա վերջին հարևան Վրաստանում ազգային արժույթի արժեզրկման ընթացքը ծանր հետևանքներ ունեցավ Վրաստանի կառավարության համար: Սակայն այն, ինչ կատարվում է այսօր, կարող է ավելի ծանր նստել նույն գործադիրի համար: Իհարկե, վարչապետ Ղարիբաշվիլին ջանք ու եռանդ չի խնայում թե՛ ներքին և թե՛ արտաքին ռեսուրսների ներդրման համար, որպեսզի իրավիճակը բարելավվի, սակայն փաստն այն է, որ լարին շարունակում է արժեզրկվել, իսկ վերջին օրերին գահավիժում է անդադար: Այդ երևույթը կարգավորող հիմնական կառույցը Կենտրոնական բանկն է, որը կարծես նաև դարձել է թիրախ՝ քննադատության և մեղադրանքների տարափի: ԿԲ նախագահի հասցեին տարեսկզբին մեղադրանքներ հնչեցրեց դեռ նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլին, ապա ֆինանսական այդ կառույցի նկատմամբ բացասական գնահատականներ տվեցին ինչպես կառավարության ներկայացուցիչներ և տարբեր քաղաքական շրջանակներ, այնպես էլ՝ որոշ տնտեսագետներ և փորձագետներ:
Այս օրերին, սակայն, հիմնականում քննադատության է ենթարկվում կառավարությունը և վարչապետ Ղարիբաշվիլին: Մասնագետների կարծիքով՝ երբ ամբողջ աշխարհում տնտեսական գործընթացները փոխվում են, անհրաժեշտ է, որպեսզի գործադիրը ևս համարժեք քայլերի դիմի, այն է՝ փոխի տնտեսական քաղաքականությունը և մշակի համապատասխան մարտավարություն, ինչն, ըստ նրանց, գործադիրը չի անում: Ընդդիմադիր որոշ ուժեր նույնիսկ արդեն իսկ սկսել են պահանջել կառավարության հրաժարականը:
Վրաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ արժեզրկման հարցում անհրաժեշտ է պահպանել հանդարտություն և չտրվել սադրանքների, որոնք նպատակ ունեն արհեստականորեն լարվածություն ստեղծել և ապակողմնորոշել բնակչությանը:
Ի դեպ, մեկ տարվա ընթացքում լարին արժեզրկվել է մոտ 33% տոկոսով, ինչն անխոս բարձր ցուցանիշ է, և կարելի է ասել՝ կրկնակի անգամ գերազանցում է հայկական դրամի արժեզրկման ցուցանիշներին: Ինչ վերաբերում է ադրբեջանական մանաթին, այդ դեպքում ևս արժեզրկումը հասնում է գրեթե 30%-ի:
Վրաց հասարակությունը տարակարծիք է. ոմանք լարիի արժեզրկումը կապում են համաշխարհային զարգացումների և մասնավորապես Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ պատժամիջոցների կիրառման հետևանքների հետ, ոմանց կարծիքով՝ հիմնական մեղավորը գործող կառավարությունն է, կան նաև մարդիկ, ովքեր կանխատեսում են ավելի վատ սցենարներ:
Մեկ բան, սակայն, հստակ է, որ լարիի արժեզրկումն արդեն իսկ հանգեցրել է բարձր գնաճին, և, ըստ այդմ, ուղղակի հարվածի տակ է հայտնվել երկրի հատկապես սոցիալապես անապահով հատվածը:
Այսպիսով, կարելի է կանխատեսել, որ Վրաստանի կառավարության կազմը կարող է կրկին փոփոխության ենթարկվել՝ ի դեմս ֆինանսական և էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուների: Ինչի կհանգեցնի ենթադրյալ փոփոխությունը, ցույց կտա ժամանակը, բայց որ տնտեսական ճգնաժամը և բյուջետային սղության հարցը մոտ ապագայում Վրաստանում ավելի կսրվի՝ սպասելի է: