ԻՆՉՈ՞Ւ ՎԱԶԳԵՆ
«Վեհափառ Տեր, «Վազգեն» հատուկ անունն այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումյան Կարապետ սրբազանը որտեղի՞ց գտավ այս անունը», -հարցրեց Ավագ արքեպ. Ասատրյանը Վազգեն Վեհափառին:
«Լավ հարցում է», -ըսավ Վեհը ու հետևյալ վկայությունը տվեց:
«Վանի ինքնապաշտպանության հայդուկներէն էր Վազգեն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցավ: Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունէ տուն պտըտցուցին՝ գտնելու համար անոր ընտանիքը պատժելու կամ վնասելու միտումով: Երբ Վազգենի մայրը, շրջապատված տնեցիներով, կը տեսնե իր անշնչացած որդիին դիակը, կը հայտնէ թուրք զինվորներուն, թե չի ճանչնար անոր ով ըլլալը»: Ու հուզվեց Վեհափառը… Պահ մը մնաց լուռ, ապա շարունակեց. «Գիտե՞ք, որքան քաջություն պետք էր մոր մը համար այդպիսի կեցվածք մը ցուցաբերելու: Այդ անկրկնելի զոհաբերությունը ըրավ փրկելու համար ընտանիքի մյուս անդամները: Իմ ձեռնադրության կնքահայրությունը ստանձնած էր Ռումանիոյ թեմական խորհրդի անդամներեն վանեցի Ռուբեն Իսրայելյանը: Իր փափագին ընդառաջելով Մազլումյան սրբազանը զիս վերանվանեց Վազգէն անունով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել