Գաղտնիք չի, որ տարվա որոշակի օրերին Հայաստանը դառնում է բազմաթիվ պարսիկների համար սեփական տոներն անբռնազբոս նշելու ու տարաբնույթ հաճույքներից անկաշկանդ օգտվելու իդեալական վայր: Գաղտնիք չի նաև, որ այցելուների մեջ բազմաթիվ են ադրբեջանական արմատներ ունեցող իրանցիներ: Չի բացառվում նաև, որ նրանց մեջ լինեն Հայաստան նպատակային այցելած ադրբեջանցիներ: Սա իմիջիայլոց: Չեմ ուզում այս խնդրի վրա կենտրոնացնել պատկան մարմինների ուշադրությունը, քանի որ հույս ունեմ, որ այս մտահոգությունը ոչ միայն ես ունեմ, այլև հենց այդ մարմինների ներկայացուցիչները, և հետո էլ մեզ մոտ մի քիչ ծիծաղելի է «պատկան մարմիններ» բառակապակցության օգտագործումը, որովհետև շատ հաճախ պատկան մարմիններն իրենք էլ չգիտեն, որ իրենք պատկան մարմիններ են:
Հարցն ուզում եմ այլ պրիզմայից դիտարկել: Հետաքրքիր է, արդյո՞ք այդ նույն Ադրբեջանում չեն քարկոծում Հայաստան «այցելած» իրենց հայրենակիցներին: Չէ՞ որ նրանք այստեղ ծախսեր են կատարում՝ լցնելով մեր պետական և նաև մեր տաքսիստների բյուջեն: Մի՞թե նրանք այդ քայլով չեն հզորացնում մեր հայրենիքը: Հը՞... Իսկ գուցե նրանց ոչ թե քարկոծում են, այլ խրախուսո՞ւմ իրենց երկրում: Գուցե նրանք հասկանում են, որ հակառակորդ երկրի մասին տեղեկատվություն հավաքելն ու տեղում ամեն բան դիտարկելը բավականին ազգանվեր գործ է: Սա ուղղակի, մտքերս եմ բարձրաձայնում: Եթե կա տարբերակ հակառակորդ երկրից անարգել տեղեկատվություն հավաքելու, ապա դա պետք է իրականացնել ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ:
Հ.Գ. Պատմությունը մեկ-մեկ հնարավորություններ է ընձեռում, որպեսզի իրագործես երազանքդ, պատմական երազանքդ, բայց, ինչպես միշտ, նախընտրելի է լինում էշի հարմարավետ ու փափուկ ականջում քնած մնալը, որովհետև ոչ ինֆորմացիայի ես տիրապետում, ոչ էլ գիտես, թե ինչ քայլեր պիտի անես, երբ պատմական անցքերն իրենք են ստիպում, որպեսզի մի բան անես...
Հ.Գ.Գ. Քրդերը 100 տարուց ավել ապրեցին թուրքերի հետ նույն երկրում, աշխատեցին, հզորացան, Թուրքիայի բյուջեն լցրին, գրավեցին քաղաքներ, պաշտոններ, շոու ասպարեզը, սպորտային աշխարհը, գրավեցին Թուրքիան, և երբ եկավ այդ պատմական պահը, սկսեցին գործել: Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, բայց փաստը մնում է փաստ, որ Թուրքիայում այլևս քրդերը շատ հզոր ուժ կդիտվեն:
Թուրքիայի քաղաքացիները, անկախ իրենց ազգային պատկանելիությունից, պարտավոր են ներկայանալիս ասել, որ իրենք «Թուրքիայի քաղաքացի են»: Շուտով քրդերն այս կարծրատիպը կկոտրեն: