Tert.am-ը գրում է.

Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանի գործը միանշանակ կարելի է դիտարկել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործի հետ համատեղ, որը միանշանակ քաղաքական հետապնդում է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով այսօր Կյուրեղյանի գործով դատական նիստին, երբ մեղադրողն առաջարկեց Հայկ Կյուրեղյանին 14 տարվա ազատազրկման դատապարտել:

«Երկու գործերը համատեղ դիտարկելու պարագայում կհասկանանք, որ սա սովորական քրեական գործերի շրջանակում չի դիտարկվել, որովհետև նման պատժաչափ այլ գործերի դեպքում չէր առաջարկվի: Հայկ Կյուրեղյանը միանշանակ դիտակվում է Շանթ Հարությունյանի գործի հետ համատեղ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի օրը, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված մի ավտոմեքենայի տանիքի վրա և իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Հարցին, թե ինչու դատախազը պահանջեց ավելին, քան օրինակ Շանթ Հարությունյանի համար էր պահանջվում, փաստաբանը նշեց, որ նմանատիպ գործերում տրամաբանություն փնտրել պետք չէ:

«Ես ձեռնպահ կմնամ դատողություններից, որովհետև այդ օրը քաղաքական պատվերը եղել է այդպիսին, մյուս օրը՝ մեկ այլ պատվեր կլինի»,-ասաց նա:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ թեև ինքը ծանոթ չէ գործի մանրամասներին, բայ մի բան իր համար հստակ է՝ դատախազի կողմից առաջարկված պատժի չափը անչափ ծանր է:

«Փաստորեն մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի երկու հոդվածներով: Այստեղ կարևոր է հասկանալ՝ ոչ հրազենային զենքը ենթակա է պատասխանատվության 258-րդ հոդվածի 4-րդ մասով և երկրորդ՝ դիմադրություն ցույց տալը վտանգավոր եղել է այլոց կյանքի և առողջության համար: Այս երկու հարցին պատասխանելուց հետո պարզ կլինի արարքը ճիշտ են որակել, թե ոչ»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ ամեն դեպքում նմանատիպ գործերի դեպքում չի հանդիպել, որ նշանակվի նման ծանր պատիժ:

«Կարելի ենթադրել, որ ինչ-որ խնդիր է լուծվում, որովհետև նմանատիպ արարքների համար այսքան ծանր պատիժ չի նշանակվել, ամեն դեպքում ես չեմ հանդիպել: Սա այն ծանր պատիժներից է, երբ նշանակվում է մարդու կյանքը խլելու դեպքում, կամ առանձնապես խոշոր չափի վնասներ է պատճառել անձանց, իսկ այստեղ ոչ մեկ լուրջ վնասվածք չի ստացել»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր կարծիքով դատարանը նման ծանր պատիժ չի սահմանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել