Lragir.am-ը գրում է.
Հետազոտողները հատուկ համակարգչային ծրագրով կազմել են վերջին 224 տարվա մեջ Ամերիկյան նախագահների կողմից ամենաշատ կրկնվող բառերի քարտեզ, որոնք իրար հետ ունեն տարբեր իմաստային կապեր: Նրանք նշում են, որ 1917 թվականը նոր քաղաքական դիսկուրսի մեկնակետն է: Հետազոտությունը համատեղ կատարել են Կոլումբիայի համալսարանի և Փարիզի համալսարանի մասնագետները:
Մասնագետները կազմել են այնպիսի ալգորիթմ, որը վերլուծել է 1.8 միլիոն բառեր, որոնք արտաբերել են ԱՄՆ նախագահները ժողովրդին ուղղված ամենամյա զեկույցի ժամանակ, սկսած Ջորջ Վաշինգթոնի 1790թ. նշումներից, մինչև 2014թ. Բարաք Օբամայի հեռուստաելույթը: Հայտնաբերելով, թե որքան հաճախ են բառերը կրկնվել միասին և վերլուծելով դրանց կապերը մյուս բառերի հետ, հետազոտողները կարողացել են որոշել տվյալ ժամանակաշրջանի գերակշռող սոցիալական և քաղաքական դիսկուրսները և դրանց զարգացումը:
Պարզվել է, որ սկսած 1917 թ. տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միացել է դաշնակիցների բանակին՝ ընդդեմ Գերմանիայի, սկսել են օգտագործվել նոր տիպի բառեր և արտահայտություններ: Արտաքին քաղաքականության բնագավառում հայտնվել են «դեմոկրատիա», «միասնություն», «խաղաղություն», «ահաբեկչություն» որոշիչ բառերը:
Մասնագետները հայտնաբերել են նաև փոփոխություններ երկրի ներքին քաղաքականությանը վերաբերող բառերի մեջ: «Գանձարան», «գումար», «ծախսեր» բառերը փոխարինվել են «հարկային ռելիեֆ», «խրախուսանքներ» և «բարեկեցություն» տերմիններով:
Հետազոտողները պարզել են նաև բառի նշանակությունը մեկ այլ բառի հետ՝ ավելի լայն համատեքստում: Ըստ այդմ, ԱՄՆ-ի պատմության սկզբնական շրջանում Սահմանադրություն բառն ավելի շատ կապված է եղել «ժողովուրդ» բառի հետ: Քաղաքացիական պատերազմից հետո Սահմանադրությունն ավելի շատ աղերսվել է «պետություն» եզրույթին, Առաջին աշխարհամարտից հետո՝ «օրենք» բառին, իսկ 1970- ական թվականներին կրկին մոտեցել «ժողովրդին»: Ըստ հեղինակների, թե ինչ է նշանակում Սահմանադրություն բառը յուրաքանչյուր ժամանակաշրջանում, կախված է նրանից, թե որ բառերի հետ է այն ավելի շատ աղերսվում: