Երբ Դուք Ձեզ համար զբոսնում եք Սուդանի կամ էլ Հնդկաստանի ինչ-որ փողոցով, հայկական եկեղեցին հավանաբար վերջին բանն է, որ ակնկալում եք տեսնել։ Չնայած դրան, նման պատահականության հավանականությունը զարմանալիորեն բարձր է, և ահա թե ինչպես է այդպես ստացվել։

1. Եթովպիա

Հայերը Եթովպիայում պատահաբար չեն հայտնվել։ Չնայած նրան, որ այս երկու երկրներին հազարավոր մղոններ են բաժանում, ու դրանց լեզուները լրիվ տարբեր խմբերի են պատկանում (հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքին է պատկանում, իսկ Եթովպիայում խոսում են սեմական լեզուներից մեկով), դրանց այբուբենները խիստ նման են միմյանց։ Դեռ երկու հազար տարի առաջ այս երկու երկրների միջև կապեր կային։ Բացի այդ ամենից՝ Հայաստանն էական դերակատարություն է ունեցել Եթովպիայի նորագույն պատմության մեջ։ Եթովպիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչներից մեկը՝ Գևորգ Նալբանդյանը, Հայլե Սելասիե կայսեր կարգադրությամբ գրել է երկրի օրհներգը։ Հենց այս կայսրն էր Երուսաղեմ կատարած իր այցի ժամանակ հրավիրել Ցեղասպանության արդյունքում որբացած 40 որբերին Ադիս Աբեբա, որպեսզի նրանցից կազմի պալատական նվագախումբը։ Այս անսամբլը հետագայում հռչակ ձեռք բերեց «Արփա Լիչոչ» անվան տակ, ինչը բառացի հենց այդպես էլ թարգմանվում է՝ «40 երեխա»։ Հայկական ազդեցության հետքեր կարելի է գտնել այս երկրի ճարտարապետության, բժշկության մեջ ու որ հատկապես տպավորիչ է՝ եթովպական ջազում, որտեղ հայկական ներգաղթյալների ավանդը հատկապես մեծ է։

2. Հնդկաստան

Թե՛ հնդիկները, թե՛ հայերը շատ հին մշակույթ ունեն, ու զարմանալի չէ, որ այս երկու ազգերի ճանապարհները քանիցս խաչվել են իրար հետ անցած հազարամյակների ընթացքում։ 16-րդ դարում Աքբար Փադիշախը՝ Մեծ Մոգոլների տոհմից, առաջարկեց հայկական մի ընտանիքի բնակություն հաստատել Ագրայում։ Շատ հայեր այժմ ապրում են Կալկաթայում, ուր այսօր նույնիսկ հայկական եկեղեցի ու վարժարան է գործում։ 1772 թվականին մեծահարուստ առևտրական Շահամիր Շահամիրյանը Մադրասում հրապարակեց հայկական պետության իր տեսլականը: Այդ աշխատությունն ընդունված է համարել առաջին հայկական սահմանադրությունը, ու հենց Հնդկաստանում էր, որ հայրենի հողից հեռու հրատարակվեց առաջին հայկական թերթը՝ «Ազդարարը»: Դրա հրատարակիչը Հարություն Շմավոնյանն էր՝ Մադրասի հայկական համայնքի ակնառու ներկայացուցիչներից մեկը: Ինչպես և այլ տեղերում, որտեղ բնակություն էին հաստատել հայերը, Հնդկաստանում ևս մեր հայրենակիցներն իրենց հարուստ ավանդն ունեն տեխնոլոգիաների զարգացման, ճարտարապետության, բժշկության և այլ ոլորտներում:

3. Սինգապուր

Սինգապուրը ժամանակակից աշխարհում պահպանված վերջին 3 քաղաք-պետություններից մեկն է: Հայերը ոչ միայն հաստատվել են այնտեղ դեռ դարեր առաջ, այլև հիմնել են այդ երկրի առաջին քրիստոնեական տաճարը: Բացի դրանից, հենց հայերն են հիմնել ներկայումս համաշխարհային հռչակ վայելող «Raffles» հյուրանոցը, իսկ սինգապուրահայ Աշխեն Հովակիմյանը ստեղծել է օրխիդեայի հիբրիդային մի տեսակ՝ «Վանդա միսս Ջոակիմ», որը հետագայում դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը:

4. Վենետիկ

Այն ժամանակներում, երբ Ադրիատիկի թագուհին հանդիսանում էր համաշխարհային նշանակության առևտրային կենտրոն, այստեղ շատ առևտրականներ էին կանգ առնում, բայցևայնպես, այն հայերը, ովքեր հաստատվել են Վենետիկում, չեն հանդիսանում առևտրականների ժառանգներ: Նրանք հոգևորականության սերունդներն են: Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը որպես ընծա ստացավ Սուրբ Ղազարոսի կղզին 1717 թվականին: Մխիթարյանականներն այնտեղ վանք կառուցեցին՝ գրադարանով, ձեռագրադարանով ու հրատարակչությունով, սակայն սա դեռ ամենը չէ: 1512 թվականին՝ Վենետիկում հայ հոգևորականների հիմնվելուց դեռ 2 դար առաջ, Հակոբ Մեղապարտը հրատարակել էր առաջին տպագիր հայերեն գիրքը՝ «Ուրբաթագիրքը»: Մի խոսքով, հայերը Վենետիկում երեկ չեն հայտնվել: Մխիթարյանականներն այսօր էլ ապրում են Սուրբ Ղազարոս կղզու վրա ու հաճույքով ընդունում աստվածաբաններին ու զբոսաշրջիկներին, հատկապես նրանց, ովքեր դեմ չեն փորձել այնտեղ աճող վարդերի թերթիկներից պատրաստվող մուրաբան: Բացի հոգևորականներից, կղզու վրա ոչ ոք չի ապրում:

5. Ճապոնիա, Սուդան և Մեքսիկա

Թեև այս երկրներում հայերի թիվը փոքր է, բայց նրանք այնտեղ կան ու բարձրաձայն են հայտարարում իրենց մասին: Օրինակ՝ Ճապոնիայում բավականին հայտնի է հայկական ծագում ունեցոող փոփ-աստղ Ստեֆանի Թոփալյանը: Սուդանի մայրաքաղաք Խարթումում էլ կա հայկական եկեղեցի: Դե իսկ Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպանն ԱՄՆ-ում ժամանակին հայ էր՝ Արթուրո Սարուխանը: Ի դեպ, հենց Սարուխանը դարձավ պատմության առաջին դիվանագետը, ով բացեց թվիթերյան իր էջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել