Վանաձորցիները դժգոհ են ջրամատակարարումից: Քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստ է գումարվել, քննարկվել է վարչապետին ուղերձ հղելու հարցը:
Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է: Տարակուսելի է, որ ջրամատակարարման հարցը տեղում չեն կարողանալու լուծել ու հասնում է գործադիրի ղեկավարին:
Բնակիչներն իրենց ուղերձում նշել են. «Հայաստան-Գերմանիա համագործակցության շրջանակներում KFW զարգացման բանկի միջոցներով վարկային ծրագիր է իրականացվում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում, այդ թվում նաև Վանաձոր համայնքում:

Բիզնես-ծրագրի հիմնական առաքելությունը բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունն ու կայունությունը, շարունակականությունը, ինչպես նաև ընկերության տնտեսական կայունության և ինքնաբավության ապահովումն է: Ծրագիրն ավարտական փուլում է, բայց Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքը և որակն ազգաբնակչության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել»:

Երկրի բոլոր բնակիչները կարող են իրենց խնդիրներով դիմել ղեկավարներին: Բայց տարօրինակ է, որ քաղաքում, որի քաղաքապետը 16 տարի շարունակ չի փոխվել, կան անլուծելի խնդիրներ, այլապես արտահերթ նիստ չէր գումարվի, ու կառավարության ղեկավարին չէին խնդրի հանձնարարություններ տալ համապատասխան կառույցներին:

Սամվել Դարբինյանը քաղաքապետ է ընտրվել 1999թ.-ին, այնուհետև չորս անգամ վերընտրվել է նույն պաշտոնում:
Պարոն քաղաքապետը պաշտոնավարման 16 տարիները ծախսել է ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելով: Մամուլում հրապարակումներ են եղել: Սամվել Դարբինյանի աղջիկը, քույրը, մյուս քրոջ աղջիկը, աներորդու կինը Վանաձորում ուսումնական հաստատությունների տնօրեններ են: Քաղաքապետարանում տարբեր բաժիններ ղեկավարում են Դարբինյանի ազգականները:

Վանաձորցիների բազմաթիվ բողոքները կամ տեղ չեն հասնում, կամ տարօրինակ արձագանք են ունենում: Երբ մեկ տարի առաջ ավագանու նիստում վանաձորցի երիտասարդները պահանջել են ապահովել իրական մասնակցություն քաղաքապետարանի որոշումների կայացման գործընթացներում, իսկ համայնքի բյուջեն օգտագործել բնակիչների կարիքների համար, Դարբինյանը պահանջել է նախ «հաշվետվություն» ներկայացնել. «Ձեր արած գործը երբ կբերեք մեզ ցույց կտաք, նոր կմտածենք ձեզ հետ աշխատելու մասին»,-ասել է նա:

Վանաձորի քաղաքապետն արդեն 16 տարի անփոփոխ ու անդրդվելի է, հավանաբար այդ է պատճառը, որ մարդիկ իրենց բողոքներն այլ կառույցների ղեկավարների են ուղղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել