...Ռուսական լրատվամիջոցները երեկվանից հաղորդում էին ռուսալեզու Վիքիպեդիա ինտերնետային հանրագիտարանի՝ Ռուսաստանի տարածքում հնարավոր մասնակի արգելափակման մասին: Հիմք էր ընդունվում Աստրախանի մարզային դատարանի ինչ-որ զավեշտական որոշում` Վիքիպեդիայում թմրանյութի մասին իբր արգելված տեղեկություն պարունակող հոդվածի հրապարակման վերաբերյալ: 
Սակայն ավելի ուշ հաղորդվեց գտնված փոխզիջումային տարբերակի մասին. ոչ թե հանրագիտարանն են արգելափակում այդ հոդվածի պատճառով, այլ ընդամենը այդ հոդվածն է հանվում արգելվածների ցանկից: Ինչևէ, սա փաստորեն կարող է նախադեպ դառնալ ռուսական կողմի նմանատիպի ապագա որոշումների համար: Այսինքն` Ռուսաստանը կարող է մի օր իրոք զրկել իր քաղաքացիներին գիտելիքների այդ ահռելի շտեմարանից օգտվելու հնարավորությունից, որից մշտապես օգտվում են միլիոնավոր մարդիկ:
Այդ ամենն ակնհայտ հիշեցնում է հին սովետական ոճը, երբ համատարած արգելափակվում կամ վերահսկվում էր արտերկրից եկող ինֆորմացիան` ցանկացած տեսակի տեղեկատվություն ստանալու առումով: Այդ ամենը մենք վաղուց արդեն անցել ենք, այդ ամենն արդեն ուղղակի ձանձրալի է, և բոլորս էլ հիմա գիտենք, որ նաև` չափազանց վտանգավոր: Քո սեփական երկրում ծառացած ծանրագույն խնդիրներին անհրաժեշտ է իրատեսական լուծումներ տալ, այլ ոչ թե «երկաթյա վարագույրի» քաղաքականության վերակենդանացմամբ բարդել դրանք վիրտուալ «թշնամիների» վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել