Մենք, այսինքն՝ հանրությունն ու պետությունը, բազմաթիվ հարցերում անհաջողություն ենք գրանցում ոչ թե այն պատճառով, որ չգիտենք, թե ինչպես է պետք անել, այլ որովհետև զուգահեռաբար չի իրականացվում ռեսուրսների ճիշտ կառավարում: Ճիշտ կառավարում ասելով՝ պետք է հասկանալ առաջին հերթին օպտիմալ, նպատակային և արդյունավետ կառավարումը: Ավելի շուտ, նախ՝ նպատակային ու արդյունավետ, հետո միայն՝ օպտիմալ, եթե առաջին երկուսը հնարավոր չեն:
Մինչդեռ շատ ոլորտներում ռեսուրսների կառավարում պարզապես չի իրականացվում. բազմաթիվ համայնքներում գյուղացին հողը ջրելու ջուր չունի, մինչդեռ Երևանում երեքից հինգ ամիս ցայտաղբյուրներից հոսող ջուրը չի կառավարվում, մետրոյում վերև տանող շարժասանդուղքը 5-7 րոպե պարապ աշխատում է, որպեսզի 1-2 րոպե մարդկանց բարձրացնի վերև, երկրում բնակարանների կեսը դատարկ է, իսկ նորաստեղծ ընտանիքների մի մասը երկրորդ երեխան չեն ունենում, որովհետև ապրելու տեղ չունեն, Երևանում աշխատատեղ չկա, մինչդեռ մայրաքաղաքից դուրս փոքր քաղաքներում ու գյուղերում և՛ ուսուցիչ է պետք, և՛ բժիշկ, և՛ հոգեբան, իսկ այդ ռեսուրսները մնում են մայրաքաղաքում ու դառնում սուպերմարկետում վաճառողուհի:

Մենք շատ ռեսուրսներ չունենք, և ինչքան դրանք քիչ են, այնքան ավելի արդյունավետ պետք է օգտագործվեն, ոչ թե փոշիացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել