Tert.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժող կողմը պատրաստվում է երկու քաղաքացիական հայց ներկայացնել Վարդան Պետրոսյանի դեմ:
«Մի հայցը կներկայացվի Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի հարցով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ Տաթևիկի բուժման հարցում կողմերն այդպես էլ ընդհանուր համաձայնության չեկան։
«Վարդան Պետրոսյանը խոստացավ, թե թող Տաթևիկը գնա բուժման, լողաբուժության և անհրաժեշտ բոլոր ֆիզիոթերապիաներին, ասելով, թե ինքը բուժման ծախսերը կվճարի, սակայն հրաժարվեց վճարել ծախսերը»,-ասաց Բալոյանը:
Նա տեղեկացրեց, որ Տաթևիկ Հակոբյանն այս պահին միջոցների սղության պատճառով «կցկտուր», մասնակի բուժում է ստանում:
Փաստաբանը հաղորդեց նաև, որ մյուս հայցը կներկայացվի փաստաբաններին վճարված գումարի մասով: Ռուբեն Բալոյանն ասաց, որ հայցը կներկայացնի մոտակա օրերին:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին: Վարդան Պետրոսյանն դատապարտվել է 5 տարի ազատազրկման:



