էս հոկտեմբերի 21-ին կլրանա ուղիղ երկու տարին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի, ու համարյա երկու տարի է, ինչ Վարդան Պետրոսյանը գտնվում է ճաղերի հետևում։ Եթե հիշում եք, հենց սկզբից նրան այնպես ձերբակալեցին ու այնպիսի խիստ պայմաններում սկսեցին պահել, ասես մահացու ելքով ավտովթարի գործ չէր, այլ ինչ-որ միջազգային ահաբեկչական ցանցի բացահայտման, իսկ կալանավորվողն էլ ոչ թե սիրված դերասան Վարդան Պետրոսյանն էր, այլ Բեն Լադենը։
Ինչևէ։ Ձերբակալեցին, նստացրեցին, դատը եղավ՝ հակասություններով ու խայտառակ մանրամասներով լի, ու Վադան Պետրոսյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկան։ Հիմա էլ «տուժող» կողմը երկու նոր հայց է ներկայացրել փաստաբանի ու ավտովթարում տուժած աղջկա բուժման ծախսերը հոգալու համար։ Չեմ ուզում կրկին խորանալ ո՛չ վթարի մանրամասների վրա, ո՛չ դատական նիստերի ժամանակ բերված մեղադրանքների ու ապացույցների ոչ համոզիչ լինելու վրա, ո՛չ էլ մեղմ ասած անհասկանալի կեցվածքի, որը դրսևորում էր «տուժող» կողմը (չակերտներում եմ գրում, որովհետև ապացուցված չեմ համարում ԱՌՆՎԱԶՆ այն, որ ՄԻԱՅՆ Վարդան Պետրոսյանն էր մեղավոր վթարում ու վթարի մահացու ելքի հարցում)։
Հիմա մի բան եմ ցանկանում հասկանալ. մի՞թե Վարդան Պետրոսյանն այդ աստիճան հանրային վտանգ ներկայացնող անձ է, մի՞թե նա ոչ մի վաստակ չունի ո՛չ երկրի, ո՛չ էլ ժողովրդի համար, որ նրան վիճահարույց դատավճիռ կայացնելուց հետո չեն ուզում ազատ արձակել՝ թեկուզ պատժի մնացած ժամկետը պայմանական կրելու պայմանով։ Չէ՞ որ տարբեր համաներումների ժամանակ բաց են թողնում շատ ավելի վտանգավոր ու շատ ավելի քիչ արժանիքներ ունեցող անհատների, բայց հենց բանը հասնում է Վարդան Պետրոսյանին, այնպիսի տպավորություն է, ասես դարի հանցագործի մասին խոսք գնա։ Էլ չեմ խոսում, թե մեր իրականությունում քանի՜-քանի դեպքեր կան, որ օրենքով պատժի անխուսափելիությունը համառորեն շրջանցում է այդ պատժին արժանի կերպարների։
Ու այսքանով հանդերձ, իրոք չեմ հասկանում առ այսօր Վարդան Պետրոսյանին ազատազրկման մեջ պահելու նպատակահարմարությունը։ Եթե խնդիրը նրան կոտրելու մեջ է, ոնց տեսնում ենք՝ չի կոտրվում ու հարմարվում է և, ըստ իս, խիստ մարդավայել ու արժանապատիվ ձևով է դա անում՝ առանց նվնվալու ու առանց քծնելու։ Եթե խնդիրը նրանում է, որ պետք է ցույց տալ, որ մեր երկրում գործում է օրենք ու պաժի անխուսափելիություն, ապա էլի սխալ քեյսի հետ գործ ունենք, որովհետև հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ այս ամենը միայն կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում իմ ու ինձ պես հասարակ քաղաքացիների մոտ, որովհետև նույն այդ անխուսափելիությունը չի անդրադառնում, ասենք, նույն Լիսկայի ու դրա նման այլ կերպարների վրա։



