Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է «Անտարես» մեդիահոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, համացանցում տարածված տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ ոստիկանն ապտակում է տարեց տղամարդու: Ոստիկանական համակարգում տարիներ շարունակ լուրջ ներդրումներ են արվել, միջազգային կառույցները ֆինանսական ահռելի միջոցներ են ծախսել, որպեսզի համակարգը բարեփոխվի: Տեղի ունեցած միջադեպը Ձեր կարծիքով  ինչի՞ մասին է խոսում:

Այո, աշխարհից գումարներ են վերցվում, ասվում է, որ Հայաստանը բարեփոխվում է, հակակոռուպցիոն բաներ են արվում, երբ որ գլխավոր կոտուպցիոներն են այդ գործընթացը վարում: Փողը տեղ չի հասնում, փողը նպատակին չի ծառայում: Ինչ վերաբերվում է երեկվա միջադեպին, ապա այդ տիպի ոստիկանները բացառություն չեն, իրենք շատ են, եւ սա նշանակում է, որ համակարգային խնդիր կա: Հիմա, որպեսզի այդ հանցավոր համակարգը փլվի, պետք է ոստիկանը պատժվի: Մենք բոլորս պետք է պահանջենք, որ ոստիկանը պետք է պատժվի ոչ թե գործից հանելով, ոչ թե նկատողություն անելով, այլ սա քրեական հանցագործություն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում: Լիազորությունների չարաշահում, եւ ոստիկանը պետք է դատարանով, անկախ նրանից, թե այդ դատարանը ինչքան է վատը, միեւնույն է,  դատարանով պետք է դատվի: Դատարանը ինչ կորոշի-որոշի, դա այլ հարց է, իսկ հանրությունը պետք է պահանջի, որպեսզի եթե 3-5 տարի է պահանջում հոդվածը, ապա չլինի, որ 1,5-ով պրծնի: Սա դաս կլինի մյուս ոստիկանների համար, իրենք կհասկանան, որ հանցանքը անպատժելի չէ: Սա նշանակում է, որ վաղը այդ ոստիկանին, երբ որ հրաման տան, թե գնա միտինգ՝ ծեծելու, ինքը կհասկանա, որ մեկ է, ինքը օրենքի առաջ պատասխան է տալու, եւ արդեն կմտածի՝ մի հատ հանցավոր հրաման կատարի՞, թե՞ չկատարի: Սա ինքը աչքի առաջ կունենա: Երկրորդը, որ մենք բոլորս պետք է հետեւողական լինենք եւ ժամկետներ նշենք: Եթե երեք օրվա մեջ այս հարցը ընթացք չի ստանում՝ ոչ թե գործից ազատելով, այլ քրեական գործ հարուցելով, ապա արդեն Օսիպյանը պետք է հրաժարական տա: Եւս երեք օր տալիս ենք, երեք օր հետո չի լինում՝ Երեւանի ոստիկանապետը պետք է հրաժարական տա: Եթե եւս երեք օր չի լինում՝ ոստիկանապետը պետք է հրաժարական տա, եւս երեք օր չի լինում՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: Այսինքն, այս հետեւողական քայլերով պետք է հասնել նրան, որ իշխանությունը հասկանա, որ ձնագնդի էֆեկտ է ունենալու: Եւ այն ինչ որ ասում ենք, պետք է անենք: Եթե գնացող ենք մինչեւ վերջ՝ գնում ենք, եթե չէ՝ հանձնվում ենք, ասում ենք եկեք մեր մյուս այտին էլ էն մյուս ոստիկանը թող հարվածի, արեք մեր հետ ինչ ուզում եք, վաղն էլ եկեք մտեք մեր տուն:

Եթե ես համեմատական տանեմ բիզնեսի հետ, թե այսօր ինչ է կատարվում բիզնեսում, որ շատ կարող մարդկանցից, բավականաչափ գումար ունեցող մարդկանցից կարողանում են խլել, կամ ստիպել, որ ինչ որ մինիմալ գերով բիզնեսը վաճառեն, անգամ իշխանությանը շատ մոտ մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը, սա նշանակում է, որ չպետք է լինի  անգամ որեւէ փոքրիկ խանութի տեր, որը որ կասկածի, որ մի օր էլ իր տուն են մտնելու: Ցեղասպանության ժամանակ ինչ սխալ որ թույլ է տվել մեր ժողովուրդը, դասեր չի քաղել: Անընդհատ մտածում էին՝ մեր վիլայեթ չեն գա, մեր վիլայեթ կգան, մեր գյուղ չեն գա: Մեր գյուղ կգան, մեր թաղ չեն գա, մեր թաղ կգան, մեր տուն չեն գա, մեր տուն եկան՝ մեզ ձեռք չեն տա: Էն էլ տեսան, որ բոլոր տեղերը գնացին, բոլոր տներն էլ մտան ու բոլորին էլ բռնաբարեցին, սպանեցին եւ հարստահարեցին: Հիմա այս նույն բանը մեզ սպասվում է, եթե մենք չկանգնենք ոտքի:

Պարոն Մարտիրոսյան, միջադեպը տեղի ունեցավ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման հանրահավաքի ժամանակ: Մարդիկ հավաքվել էին ոչ ասելու սահմանադրական փոփոխություններին: Միջադեպը արդյո՞ք խոսում է  այն մասին, որ ամեն գնով, թեկուզ դա լինի ծեծն ու բռնությունը, իշխանությունները անցկացնելու են այդ փոփոխությունները:

Սա ցույց է տալիս, որ իշխանությունը ինչքան մեծ տենչ ունի այս հարցն անցկացնելու: Մյուս կողմից, ես Հայաստանում գիտեմ միայն մի մարդու, ում  ձեռք է տալիս սա, դա Սերժ Սարգսյանն է եւ միգուցե նաեւ իր հարազատ եղբայրների հետ: Սա վարչապետին ձեռնտու չէ, ԱԺ նախագահին ձեռնտու չէ, սա ոչ մի նախարարի ձեռնտու չէ, քանի որ ցանկացած նախարար պետք է որ ցանկանա դառնալ իշխանության գլուխ: Այս դեպքում միայն վաղվա իշխանության գլուխ հայտնված մարդը հավերժ դառնում է Հայաստանի կառավարիչ: Եթե հիմա մենք թույլ տվեցինք, որ այս սահմանադրական այլանդակություններն իրականացվեն, դա կնշանակի, որ մենք տանուլ ենք տալիս մեր 20 տարվա ապագան: Ոչ մի ընտրություն չի կայանա, մենք անընդհատ հարստահարվելու ենք, ցանկացած փոքրիկ հիմնարկ, անգամ կանաչի վաճառողին հարստահարելու են: Ռեսուրսների պակաս կա, սա Ռուսաստանը չէ, որ անծայրածիր ռեսուրսներ ունենաս, եւ այստեղ ամենամեծ հարվածը ստանալու են այսօրվա օլիգարխները:

Օլիգարխներն առաջին թիրախն են լինելու՝ հարստահարման: Ոչ մեկը չի գնալու սկզբից սկսի կանաչի վճառողից: Սկսելու են օլիգարխներից: Այս գործընթացը մեկ մարդու վերարտադրման խնդիր է լուծում, միայն մեկ մարդու: ՀՀԿ-ն դրանից չի շահում, ՀՀԿ-ն որպես կուսակցություն չի կարողանալու իր գործառույթներն իրականացնել եւ դառնալու է գործիք, շատ ավելի վատ գործիք: Կան ԶԼՄ-ներ, որ ասում են՝ վերարտադրվելու է իշխանությունը՝ օլիգարխիայի հետ: Չի կարելի կապել օլիգարխիային իշխանության վերարտադրության հետ: Հստակ պետք է տարանջատել:

Սերժ Սարգսյանը միայնակ չի կարող վերարտադրվել, ասում եք, որ որեւէ մեկին պետք չէ սա եւ առաջին հերթին օլիգարխներին: Բայց օլիգարխները պետք է չէ՞ օգնեն նրան, որ վերարտադրվի:

Ոչ մի քրեա-օլիգարխի դա ձեռնտու չէ, որովհետեւ ոչ մեկը Ջերմուկից, Գրանտ Տոբակոյից, Բջնիից կամ Գրանդ Քենդիից ուժեղ չլինի, կամ չպատկերացնի, որ ուժեղ է: Եթե այդ ընկերությունները ունենում են խնդիրներ, Բջնին գոնե մեր աչքի առաջ էր, կամ «Հայ-ծխախոտը», այսօր ոչ ոք պաշտպանված չի լինելու: Ոչ ոք: Բոլորը հայտնվելու են Գագիկ Ծառուկյանի ապագա վիճակում: Հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում, դրանից շատ ավելի վատ է լինելու՝ մեր բոլորի հետ:

Մենք պետք է հասկանանք, որ չի կարելի լինել այդքան կույր եւ կարճատես, չլինենք այդքան փուչիկներից կախվող, որ ինչ որ մեկը պետք է գա մեզ համար պայքարի, իսկ մենք ասենք՝ ես ՄԱԿ-ի աշխատակից եմ՝ իրավունք չունեմ պայքարել, ես չգիտեմ ինչ միջազգային կառույցում եմ աշխատում՝ իրավունք չունեմ պայքարել, ես իշխանության մեջ եմ՝ իրավունք չունեմ պայքարել եւ այլն: Յուրաքանչյուրիս տուն մտնելու են, եւ մենք դա պետք է հասկանանք:

Արդյոք Հայաստանում տեղի ունեցող եւ անպատիժ մնացող բռնությունները չեն պարարտ հող նախապատրաստում հերթական միջադեպի համար: Օրերս «Էյր Արմենիայի» տնօրենը ծեծի ենթարկվեց, դրան նախորդեց Սյունիքի մարզպետի որդու շուրջ կատարվածը: Խոշոր հաշվով անպատիժ են մնում այդ մարդիկ: Ոստիկանը բացառիկ չէ, ինչպես նշեցիք…

Եւ Սյունիքի դեպքերը, եւ Վահե Ավետյանի դեպքը, եւ «Էյր Արմենիայի» դեպքը, եւ ոստիկանի հասցրած ապտակը... բոլոր դեպքերում պետք է փնտրել հաշվարկի մեկնարկային կետ, հարց տալ՝ որտեղի՞ց սկսենք հաշվել, ո՞ր պահից սկսենք հաշվել: Կարծում եմ՝ պետք է հաշվարկը  սկսել այն պահից, երբ իշխանություն է ձեւավորվում: Իշխանությունը երբ եկավ, 98 թվականից, այդ պահից պետք է հաշվարկը կատարել: Դրա դեմ ո՞նց պայքարես, իշխանությունը փոխելով: Իշխանությունը փորձել ես փոխել սահմանադրական ճանապարհով, ընտրությունների մջոցով, տեսնում ես թույլ ես, հասարակությունդ չի կարողանում դա իրականացնել, չարաշահումներն ու անպատժելիության մթնոլորտը շարունակվում է: Ի՞նչ է պետք անել: Պետք է սկզբի կետը ստեղծել:  Իշխանություն ձեւավորել, ընտրությունների միջոցով, թափանցիկ, արդար, որպեսզի իշխանությունը լինի ուժեղ, իսկ ուժեղ իշխանությունը ունակ է եւ՛ արտաքին, եւ՛ ներքին մարտահրավերներին դիմակայել: Ես ուզում եմ, որ ՀՀ իշխանությունը լինի ուժեղ, իմ պայքարը դա է: Ես ուզում եմ, որ ցանկացած նախարարն իր ամենալավ պլանը կարողանա իրագործել եւ նրան խանգարողներ չլինեն:

Մենակ մեկ մարդու է ձեռնտու, որ ինքը լինի հավերժ: Մնացածին ձեռնտու չէ: Պետք է հասկանանք, որ ոչ մի նախարար, ոչ մի վարչության պետ, ոչ մի ոստիկան եւ ոստիկանապետ չեն ուզում, որ իրենք չկարողանան դառնալ ՀՀ ղեկավար. վատ է այն լեյտենանտը, որը չի ուզում գեներալ դառնալ: Հիմա ես ուզում եմ, որ Հայաստանի ցանկացած նախարար, վարչապետ ու վարչության պետ կարողանա ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ծառայեն իրենց ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել