Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում 21 մարդ է ձերբակալվել:

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է երկրի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 20-ին քաղաքի բնակիչ, թմրանյութեր օգտագործելու և վաճառելու համար կասկածվող Բահրուզ Հաջիևը հարցաքննության ընթացքում դուրս է նետվել ոստիկանական բաժանմունքի պատուհանից և մահացել:

Երեկ, նրա հուղարկավորությունից հետո քաղաքի մի խումբ բնակիչներ «կոպտորեն խախտել են հասարակական կայքը, չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին ու փորձել են երթ անցկացնել քաղաքի կենտրոնում»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՆԳՆ 4 աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել բախումների հետևանքով:

Քաղաքի աղբյուրները հաղորդում են, որ  քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաք ոստիկանական նոր ուժեր են ուղարկվել:

Երեկ տեղի բնակիչները փակել էին Մինգյեչաուրի կենտրոնական փողոցներից մեկն ու պահանջում էին պատժել Հաջիևի մահվան մեղավորներին, սակայն ՆԳՆ արագ արձագանքման ուժերը ցրել էին բողոքի ակցիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել