Tert.am-ը գրում է.
Քաղաքական գործիչ, նախկին Գերագույն խորհրդի անդամ Ազատ Արշակյանը Անկախության հռչակագրի 25-ամյակի առիթով Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե հայ ժողովրդի մոտ անկախության գիտակցումն ու վայելումը շատ կարճ տևեց, քանի որ արագ գործի անցան հայկական պետության հակառակորդները:
«Դրանից 1-2 տարի հետո սկսվեց մեծ կոմպանիա հայկական պետության դեմ. հայկական պետության և հայ էթնոսի հակառակորդներն արդեն 20 տարուց ավելի է՝ վարկաբեկում են հայկական պետությունը և Հայաստանն ուզում են դարձնել չկայացած, ձախողված պետություն ու դա անընդհատ ներշնչում են, թե հայերը չեն կարող ունենալ լիարժեք պետություն, հայերին առավելագույնը պետք է լինի ռեզերվացիա, հայերին չի կարելի պետության տալ, նրանք գիտական մտածելակերպ չունեն։ Արդյունքում նրանք իշխանական վերնախավը հակապետական անձնավորություններով են կոմպլեկտավորում»,-ասաց նա:
Ազատ Արշակյանի խոսքով՝ ասվածն առավել քան ակնհայտ է. «Բերում են մի քանի նմուշներ, մարդկանց, ովքեր քրեական նկարագիր ունեն, հակահասարակական նկարագիր ունեն, իսկ այդպիսի մարդիկ իշխանությունում շատ կան: Նրանք պարբերաբար հայտնվում են քրեական սկանդալների մեջ: Այսինքն՝ ես դա համարում եմ այն, որ մեր հակառակորդները չեն հաշտվում հայկական պետության գոյության մտքի հետ, պայքարում են մեր դեմ՝ հիասթափեցնելով, ընկճելով, տնտեսությունը քայքայելով , ուզում են ծնկի բերել մեզ, որպեսզի հրաժարվենք հայկական պետականությունից, լքենք տարածքը, կամ եթե չլքենք, հաշտվենք ռեզերվացիայի կարգավիճակով մշակութային կրոնական համայնքի կարգավիճակին և հանձնվենք որևէ իմպերիայի: Այդ ուղղությամբ է տարվում ամբողջ քաղաքականությունը 22-23 տարի է արդեն»:
Ըստ քաղաքական գործչի ՝ դա պարզապես քարոզչություն ու խոսք չէ։
«Ազգային ժողովի գնդակահարությունը դրա տարրերից մեկն էր: Կամ պատահական չէ, որ գալիս են՝ ռադիոյով ու եթերով հայտարարում են, ոմն մի հատ Կիսիլյով, թե ձեզ պետական լեզու է պետք, ձերը գավառական լեզու է, դրանով դուք կարող եք խոսել ու շփվել փողոցում ձեր հարևանների հետ, բայց պետական մշակույթի լեզուն ռուսերենն է: Եթե դուք ուզում եք լինել պետական, մշակույթ կրող ժողովուրդ, ուզում եք գիտության հետ առնչվող ժողովուրդ լինեք, ուրեմն դուք պետք է փոխեք լեզուն ռուսերեն: Դրա թիկունքում է կանգնած գնդակահարությունները, արտաքսումները, քաղաքական հալածանքները, հենց այնպես չէ։ Վերջին հաշվով նոր պատերազմի, նոր ավերածությունների սպառնալիքները... բազմիցս հայտարարվել է»,-ասաց նա:
Ազատ Արշակյանը հիշեցնում է՝ ժողովուրդը հավաքական անկախության կողմ էր։
«Մի նրբություն էլ կա, հայ ժողովուրդը 1921 թ-ին զանգվածով իր կարծիքը հայտնեց՝ «այո» ասաց անկախությանն ու պետականությանը՝ զանգվածով, դա մեզ համար հիմք պետք է լինի: Քաղաքականությունով, պետականաշինությամբ պետք է զբաղվի քաղաքական էլիտան, իսկ ես ասում եմ, որ քաղաքական էլիտան ձևավորվում է սելեկտիվ, բացասական սկզբունքով»,-ասաց նա:
Հարցին, որ եթե այսօր էլ հանրաքվե անցկացվի, նույն արդյունքը կլինի՞, և ժողովուրդն այո կասի՞ անկախությանը՝ Ազատ արշակյանը նշեց. «Եթե հանրաքվեի հարցը դրվեց, նույն արդյունքը կլինի, բայց մեր մոտ այսպիսի մի բան կա, արդյոք հայ ժողովուրդ՝ դու ուզում ես վատ ապրել, ուզում ես նվաստացած լինել: Մեր պետությունը մեր քաղաքացիներին հիմա նվաստացնում է, թշվառության մեջ է պահում, իսկ դրա մեջ խաղ կա, երբ որ ասում են, թե եթե հիմա հարցնենք, հայ ժողովուրը կասի «ոչ»… Հայ ժողովուրդը անկախությանը չի ասի ոչ, կասի ոչ՝ նվաստացմանը, թշվառությանն ու աղքատացմանը, ավազակությանը, ոչ՝ ֆեոդալիզմին, ոչ՝ տեղական իշխանիկներին, ոչ՝ դրածոներին, բայց պետականությանը՝ այո։ Մենք պետականությունը ժողովրդավարության հետ միասին պետք է ընկալելի դարձնենք»,-ասաց նա:



