Tert.am-ը գրում է.
25 տարի առաջ այս օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը. 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրն ընդունեց Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցած պատգամավոր Արամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ամեն անգամ այս փաստաթուղթը ներկայացնելիս զգում է և՛ հպարտության զգացում, և՛ պարծենալու զգացում, նաև ափսոսանքի զգացում, որովհետև այս փաստաթուղթը ըստ արժանվույն չի ներկայացվում սերունդներին:
«Փաստաթուղթն ընդունվել է ազգային ազատագրական շարժման արդյունքում դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ժամանակ, երբ իսկապես ազատ ընտրություններով ընտրված Գերագույն խորհուրդը միաձայն ընդունեց այս պատմական փաստաթուղթը: Փաստաթուղթ, որը երբևէ որևէ մեկի քննադատությանը չի արժանացել, փաստաթուղթ, որն անքննելի է և անքննադատելի»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը միաժամանակ նշեց, թե ցավոք փաստաթուղթը վերջին 15 տարիների ընթացքում մոռացության է մատնվել:
«Սրա մեջ ներգրված արժեքները ամենևին իշխանության համար աղոթագիրք չեն, եկեղեցի չեն, իդեալ չեն, ապրելու ուղենիշ չեն, որովհետև այս իշխանություններն ապրում են լրիվ ուրիշ արժեքներով, ապրում են լրիվ ուրիշ աշխարհում: Այս փաստաթուղթն ընդունողները ապրել էին ուրիշ աշխարհում, նրանք լրիվ ուրիշ բարոյական արժեքների տեր էին, լրիվ ուրիշ արժեքների կրողներ էին»,-ասաց նա:
«Հայ ազգային կոնգրես»-ի պատգամավորը խոսեց փաստաթղթի պատմական արժեքից:
«Այս փաստաթղթի պատմական արժեքն այնքանով էր, որ այստեղ 12 կետերում տեղադրված են շուրջ 40 սկզբունքներ, որոնք մեր ժողովրդի իրավական և ազգային երազներն են՝ ամբարված, հավաքված կուտակված մի փաստաթղթի մեջ: Եթե այս փաստաթղթին նայեք այսպես, որ հազարավոր տարիներ միլիոնավոր հայեր սպասել են այս փաստաթղթին, և դա իրականացել է 1990 թ. օգոստոսի 23-ին, միգուցե այդ ժամանակ ձեզ և մնացածի համար այդ փաստաթղթի արժեքը մի փոքր կբարձրանա»,-ասաց նա:
Նշենք, որ շուրջ մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին հանրաքվե անցկացվեց։ Անկախության քվեին «այո» ասաց Հայաստանի քաղաքացիների 94,99%-ը:



