Tert.am-ը գրում է.
Ադրբեջանաիրանական հարաբերությունները երբեք չեն կարող այլընտրանք լինել հայ-իրանական հարաբերություններին, որովհետև հայ-իրանական հարաբերություններն այն մակարդակի վրա են և երկկողմ զարգացման այնպիսի պոտենցիալ ունեն, որ Իրանը չի դիտարկի Ադրբեջանի կարևորությունը որպես այլընտրանք Հայաստանի հետ հարաբերությունների:
Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագիծըվերակենդանացնելու՝ Բաքվի և Թեհրանի մտադրություններին:
«Իրանը, որպես անկախ երկիր, իրավունք ունի վարելու անկախ քաղաքականություն և վարում է այդ քաղաքականությունը: Իրանի համար՝ որպես տարածաշրջանում կենտրոնական երկիր, նախընտրելի չէ ունենալ խոչընդոտ հարաբերություններում կամ խնդիրներ հարևան երկրների հետ՝ լինի Ադրբեջան, Թուրքիա, թե այլ երկիր»,-ասաց իրանագետը՝ նշելով, թե այլ բան է, որ շատ հարցերում նրանց շահերը չեն հատվում, բայց հայ-իրանական հարաբերությունները որևէ կերպ չեն խաչվում Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ:
Մհեր Բաղդասարյանն ասում է, որ ոչ թե Իրանը հայ-իրանական հարաբերություններին այլընտրանք է փնտրում, այլ ուղղակի փորձ է անում օգտվելով առիթից որոշակի բարելավում մտցնել Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Սակայն, ըստ նրա, իմանալով Իրանի քաղաքականությունը, պետք է ասել, որ Իրանը զգուշավորության աստիճանը գիտակցում է և նորմալ երևույթ է Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը:
«Այն ժամանակ, երբ կային սանկցիաներ Իրանի նկատմամբ, նույն Արևմուտքն Ադրբեջանին ավելի շատ էր ուղղորդում դեպի հակաիրանական քաղաքականություն: Հիմա Ադրբեջանն օգտվելով առիթից՝ փորձում է որոշակիորեն լրացնել այդ բացերը»,-նկատեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը և դա կյանքի կոչելու համար միակ խնդիր համարվող ֆինանսական խնդիրներին՝ իրանագետն ասաց, թե երբևէ խոսակցություն չի եղել, որ այդ նախագծի ֆինանսավորումը միանշանակ պետք է Հայաստանն իրականացնի:
«Միշտ խոսվել է այն մասին, որ պետք է գտնվեն միջնորդ պետություններ, մասնավորապես վերջին փուլում շեշտվում է Չինաստանը, քանի որ Չինաստանը շահագրգռված է «Մետաքսի ճանապարհի» վերականգնմամբ և որոշակի քայլեր կատարում է: Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի բարդությունն ավելի շատ կապված է հենց ֆինանսավորման աղբյուրներ գտնելու հետ և Հայաստանի տարածքով անցնող նոր երկաթգծի կառուցմամբ: Բայց Ադրբեջանի հետ Իրանը կարող է երկաթգիծ վերանորոգել կամ շահագործել, որովհետև դա վերջիվերջո ենթակառուցվածք է, որը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար»,-ասաց իրանագետը:
Սակայն, ըստ նրա, դա դիտարկել որպես այլընտրանք հայ-իրանական հարաբերություններին՝ ճիշտ չէ, որովհետև ամեն դեպքում Ադրբեջանն իր տեղ ունի Իրանի քաղաքականության համար, Հայաստանն՝ իր տեղը:
Իրանագետի խոսքով՝ Իրանը չի կարող միանշանակ աջակցություն հայտնել Հայաստանին, քանի որ ինքնահաստատվելու խնդիր ունի իսլամական աշխարհում: Իսկ իսլամական աշխարհում Արցախ-Ադրբեջան հակամարտությունը շատ հաճախ Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես պատերազմ իսլամի դեմ և ցանկացած պարագայում այդ հակամարտությունը փորձում են տեղափոխել կրոնական հարթություն:
«Սակայն այստեղ առաջին խոչընդոտ հանդիսացողը հենց Իրանի ներկայությունն է, որը չի թողնում, որ Արցախ-Ադրբեջան խնդիրը դառնա կրոնական քննարկման թեմա իսլամի ու քրիստոնեության միջև: Իրանը դրանից ավելին Հայաստանի համար անել չի կարող, որովհետև կթուլացնի իր դիրքերն իսլամական աշխարհում»,-եզրափակեց Մհեր Բաղդասարյանը:



