Մի հետաքրքիր և ուսանելի պատմություն, թե ինչպես են փոխվում հաղթանակների արժեքները տարիների ընթացքում: Նկարում պատկերված է Սանկտ-Պետերբուրգում տեղադրված Փառքի սյունը` ի նշանավորումն 1877-1878 ռուս-թուրքական պատերազմում Ռուսական կայսրության հաղթանակի: Հուշարձանը կանգնեցվել է 1886 թ. ճարտարապետ Դավիդ Գրիմի նախագծով, իսկ բացումը կատարել է անձամբ կայսր Ալեքսանդր 3-ը։
Այն 28 մետր բարձրությամբ սյուն է, որն ամբողջությամբ կազմավորված է թնդանոթների հինգ շարքից, որոնք այդ պատերազմի ընթացքում գրավվել են ռուսների կողմից՝ պարտված թուրքերից։ Սյան վերևում հաղթանակի աստվածուհի Նիկեն դափնեպսակով օրհնում է հաղթողներին։ Արձանի պատվանդանն ունի վեց ու կես մետր բարձրություն, այստեղ 8 թնդանոթներով շարքից վերև գրված են 8 գրավված կարևորագույն ամրոցների անունները (նրանց թվում նաև Կարսը):
1877-1878 թթ. պատերազմն ավարտվեց ռուսական զինուժի լիակատար հաղթանակով: Թուրքական լծից ազատագրվեց սլավոնական Բուլղարիան` փաստացի զրոյից ստանալով անկախություն և բավականին ընդարձակ տարածք, և դրա համար ռուսներն արեցին ամեն հնարավորինն ու անհնարինը: Տարածքային զգալի ձեռքբերումներ ունեցան նաև Սերբիան ու Ռումինիան: Եվ դա այն դեպքում, երբ գրավված Արևմտյան Հայաստանից Ռուսաստանի կազմի մեջ մտավ միայն Կարսի մարզը:
Եվ ահա 1920-ական թվականներին, Սովետական Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի աննախադեպ մերձեցման ֆոնին, ընդառաջելով թուրք ղեկավարների կտրուկ հորդորներին, որոնք ոչ հարիր էին համարում «եղբայրական» Թուրքիային իբր «վարկաբեկող» Սանկտ Պետերբուրգի այդ հուշարձանը, այն ամբողջությամբ ապամոնտաժվեց, իսկ թնդանոթները ձուլվեցին: Սակայն հուշարձանի հետ կապված զարգացումները դրանով չեն ավարտվում, և 2005 թվականին հուշարձանն անսպասելիորեն նորից է վերականգնվում նույն տեսքով` նույն տեղում:



