«ՋՈՒՐ ՄՏՆԵԼՈՎ՝ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՉԴԱՐՁԱ»։
Վերջին ժամանակներս մեր սիրելի որոշ եղբայրներ որոշել են կրկին քննադատության խաչին գամել Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ վերջինս չի համաձայնվել «էքսպրոմտ» մահմեդականությունից քրիստոնեության դառնալու ցանկություն հայտնած դերսիմցի երիտասարդին մկրտել։
Ակամայից մտաբերեցի 1990թ. Գերմանիայում պաշտոնավարած շրջանում, երբ մի թրքուհի, սիրահարվելով հայ երիտասարդի, ուզել էր նրա հետ ամուսնանալ, համաձայնվել էր նույնիսկ պսակադրվել Հայ եկեղեցում, իսկ դրա համար հարկ էր նախ մկրտվել։ Առաջնորդ եպիսկոպոսի բարձր հրահանգով մկրտված և մեր եկեղեցում պսակադրված թրքուհուն երբ մի քանի ամիս հետո հարցրեցինք, թե ինչու եկեղեցի չի գալիս ամուսնու և սկեսուրի հետ, նրա պատասխանը եղավ կարճ և կոնկրետ. «Ի՞նչ է, ջուր մտնելով, կարծում եք, ես քրիստոնյա՞ եղա և դադարեցի մահմեդական լինել, եթե այդպես եք մտածում՝ սխալվում եք»։ Ահա և արդյունքը, երբ անձին մկրտում ես առանց պատրաստելու, առանց նրան փոխանցելու կրոնի, դավանանքի և հավատքի իմաստն ու նշանակությունը։ Ցավոք, այսօր մեզ համար ամեն բան մնացել է ձևի մեջ, իմաստից կտրված։
Այս հարցին անդրադառնալու համար «Հայլի» ակումբում կազմակերպվել էր ասուլիս Անժելա Թովմասյանի կողմից, ուր հրավիրված էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ես։
Իմ կարծիքն այս հարցում երկուսն է. ՀԱՎԱՏՔ. եթե որևէ անձ հրաժարվում է իր հավատքից, այս պարագայում մահմեդականությունից և ուզում է վերադառնալ իր նախնյալ հավատքին, գրավոր դիմում է մահմեդական իր առաջնորդին՝ հայտնելով իր հրաժարականը մահմեդականությունից և դիմումնագիր ներկայացնում իր՝ Մայր եկեղեցի վերադառնալու ցանկությամբ։ ԱԶԳԱՅԻՆ, եթե մենք հարցը դնում ենք ազգայինի վրա և ոչ կրոնականի, ապա մահմեդականացված հայերին ընդունենք այնպես, ինչպես իրենք են։ Եթե ունենք աթեիստ հայ (այսինքն՝ անաստված հայ), ո՞ւր է անպատեհությունը, որ չունենանք նաև մահմեդական հայ։
Ահա այս խնդրի շուրջ էլ զարգացավ մեր ասուլիսը։
Եթե կան կարծիքներ և տեսակետեր, խնդրում եմ հայտնեք, ուր իշխողը լինի տրամաբանությունը, սակայն ոչ վիրավորանքը...
Կից նյութն՝ այստեղ