Կեմերով համայնքի «Հաշմանդամների Համառուսական Միություն»-ը թողարկել է նոր սոցիալական ցանց հաշմանդամների համար, որը կոչվում է «С-ВОИ»:
Ծրագրի ղեկավարի խոսքերով՝ սոցիալական ցանցը նպատակ չունի տարանջատել հաշմանդամներին հասարակության մյուս շերտերից, և հույս են հայտնում, որ այս կայքը կմիավորի բոլորին: Նրա պնդմամբ՝ փոքր խմբերով հաշմանդամները «թաքնվում են» «одноклассники» և «ВКонтакте» սոցկայքերում:
Նախ պետք է ասեմ, որ նման սոցիալական կայքի գաղափարն ինքնին հիմարություն է: Ինչ է նշանակում «կմիավորի բոլորին»: Ծրագիրն արդեն բաժանում է հաշմանդամներին մնացյալից: Բացել սոցիալական ցանց ՀԱՏՈՒԿ հաշմանդամների համար և ասել, որ չենք տարանջատում նրանց, նույնն է, ինչ խնջույք կազմակերպես և հյուրերի շարքում եղած հաշմանդամներին փակես կողքի սենյակում ու ասես. «դուք գիտեք, որ մենք ձեզ համար գժվում ենք, դուք մեզանից մեկն եք, բայց ստեղ կնստեք»:
Բացի դա, անհասկանալի է այն պնդումը, թե նրանք թաքնվում են այլ սոցիալական ցանցերում, այդ իսկ պատճաով էլ նրանց համար ստեղծվում է հատուկ հարթակ: Կարծում եմ, որ սոցիալական նման տիրույթում հաշմանդամներն ավելի թիրախավորված են: Եթե նրանք одноклассники և ВКонтакте սոցկայքերում խնդիր ունեն թաքնվելու և հանրությանը բացահայտ չներկայանալու, ապա այստեղ ավելի շատ քողարկվելու կարիք կլինի, քանզի կազմակերպությունն ի սկզբանե բացահայտ թիրախավորում է այն:
Այստեղ հոգեբանական ճնշումն ավելի մեծ է: Ստացվում է, որ առողջ մարդկանց տարածքում հաշմանդամները տեղ չունեն: Կարծում եմ՝ եթե ընկերությունը կայքի վրա ծախսած գումարներն ուղղեր հաշմանդամների հոգեբանական թրեյնինգների ու թեսթերի վրա, ապա ավելի շատ օգուտ տված կլիներ, քան անհասկանալի սոցիալական կայք հնարելով:
Ասեմ նաև, որ նույն ռուսական «ВКонтакте» սոցիալական ցանցն ունի բազմահազար քննարկումների խմբեր, որտեղ հավաքվում ու քննարկումներ են անցկացնում տարբեր թիրախային խմբի մարդիկ: