Tert.am-ը գրում է.
Վրացագետ Ալիկ էրոյանցը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում 1000 աշակերտի համար նախատեսված հայ-վրացական դպրոցի կառուցմանը, ասաց, որ իր կարծիքով՝ դպրոցի կառուցումը հիմք կծառայի մնացյալ կրթական ոլորտին առնչվող խնդրահարույց հարցերի լուծմանը, քանի որ վիրահայությունը, հատկապես ջավախահայությունը մշտապես բարձրացրել է, թե՛ դասագրքերի, թե՛ առարկաների ուսուցման խնդիրները։
«Այդ դպրոցին զուգահեռ նորից կբարձրացվեն նաև մյուս խնդիրները։ Կարելի է ասել, որ հայ-բարեկամական կամրջի հիմնումը, դպրոցի կառուցումը հայ-վրացական հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բերում, որն ավելի դրական ֆոն է ստեղծելու և կարծում եմ հաջողություններ է բերելու մոտակա տարիներին։ Իհարկե, սա հենց երկկողմ համագործակցության արդյունքում ձևավորված հաջողություն է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ անսպասելի էր դպրոցի կառուցման որոշումը։
Վրացագետը կարծում է, որ այդ ամենը պետք է դիտարկել հայ-վրացական հարաբերությունների ամբողջական կոնտեքստում: Ըստ նրա՝ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին փոխվել է իրավիճակը՝ թե՛ Վրաստանի ներսում, թե՛ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ հարևանների հետ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանի հետ կապված բավականին դրական փոփոխություններ են տեղի ունեցել:
«Ոչ միայն կրթական ոլորտում, այլ նաև մի շարք այլ ոլորտներում բավականին ակտիվ համագործակցություն է ձևավորվել և զարգանում է: Դրա նախաձեռնողն ի սկզբանե եղել է «Վրացական երազանք» կուսակցությունը»,-ասաց նա։
Ալիկ Էրոյանցը նշեց, որ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում ընդունված է շեշտը դնել կրթական զարգացման վրա, և բնական է, որ հայ-վրացական ընդհանուր համագործակցության և ընդհանուր հարաբերությունների զարգացման համատեքստում ընդունվում է այդ կարևորությունը։
«Կարծում եմ, որ սա արդյունքն է այն բանի, որ հատկապես վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջկառավարական համագործակցության շնորհիվ երկկողմ հանդիպումները բավականին հաճախակիացել են»,- ասաց նա։
Վրացագետը նաև գումարային առումով դպրոցի կառուցումը լուրջ նախագիծ համարեց և նշեց, որ նման ծրագրերով Վրաստանն իր վերաբերմունքն է ցույց տալիս և քաղաքական կամք դրսևորում։
«Սա առարկայական, գործնական առումով լուրջ ձեռքբերում կարող է բերել հենց վիրահայության համար և ոգևորիչ լինել։ Կարծում եմ՝ նման ծրագրերի շարունակականությունը մեծապես կամրացնի հայ-վրացական հարաբերությունները և ոչ միայն կրթական ոլորտում այլ նաև մյուս ոլորտներում, քանի որ երկուստեք այդ պատրաստակամությունը կա։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում այն մոտեցմանը, որ պետք է հավասարակշռված քաղաքականություն վարել հարևան երկրների հետ»,-ասաց նա։



