Լրատվական դաշտի ֆորմատավորում է տեղի ունենում Հայաստանում և ոչ միայն, ու, ցավոք սրտի, կրկին շատերը խմբագիրներից չեն նկատում դա:

Ժամանակին հին ավանդական ԶԼՄ-ները բաց թողեցին այն պահը, երբ մեդիադաշտ ներխուժեցին բլոգերը, իսկ այնուհետև նաև սոցկայքերը:
Դիմադրելու փոխարեն պետք էր շատ արագ վերազինվել և, օգտագործելով նոր տեխնոլոգիաները, պահպանել ընթերցողներին և աշխատել նորերի ներգրավման ուղղությամբ:

Հիմա կրկին դաշտի ձևափոխություն է գնում, ու կրկին երևում է, որ ԶԼՄ-ներն ուշադիր չեն իրենց շուրջ կատարվող դեպքերի հանդեպ: Վերցնելով որպես լրատվականի հաջողության ցուցանիշ կայքի հաճախումների քանակը՝ ԶԼՄ-ների մեծամասնությունն արագ դեղնեց ու շարունակում են սրընթաց տեմպերով գահավիժել երբեմնի զբաղեցրած հարգանքի ու վստահության մակարդակից:

Իրականում, այսպիսի ֆեյսբուքացված երկրում, ինչպիսին Հայաստանն է, արդեն կլասիկ էլեկտրոնային ԶԼՄ-ների կարիքն է վերանում, քանի որ բավական է պահել մեկ լրագրող, ով կգրի անասուն հոդվածներ և ունենալ համապատասխան գումարներ՝ այդ հոդվածները տարածելու համար:

Քանի որ լրատվականները, ռեյտինգի հետևից ընկնելով, կորցրել են լրագրության մեջ ընթերցողին սովորեցնելու, կրթելու, ընդհանուր մակարդակը բարձրացնելու բաղադրիչը և ուղղակի անցել են մտավորահոգեկան պոռնոյին, այստեղ նրանք հայտվել են կրկին ուշացածների կարգավիճակում, քանի որ դաշտում արդեն կային բլոգային ագրեգատորներն ու շամշյանանման կայքերը:

Դա նույն է, եթե մեր օպերային երգիչները հիմա սկսեն բոլորը ռաբիս երգել՝ հուսալով, որ հանդիսատեսը կլքի Թաթուլին կամ Սպիտակցուն և վազելով կգնա իրենց մոտ:
Չկա տենց բան:

Իսկ հաշվի առնելով, որ ֆեյսբուքահայությունը դարձել է սեգմենտավորված, և ֆեյսբուքից վերցնում են այն տեղեկատվությունը, որը տարածում են իրենց ընկերները, և ցանկություն էլ չկա վերաստուգել տեղեկատվությունը, ԶԼՄ-ներին մի ելք է մնացել՝ ավելի ցածրորակ, չճշտված և պոռնոագրեսիվ տեղեկատվություն տրամադրել:
Որովհետև երախտապարտ ընթերցողին արդեն սովորեցրել են մեդիաթրիքին, և ինքը նույնիսկ բողոքելու նշույլ էլ չի ցույց տալիս:

Հետևելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր տիպի նյութերի տակի մեկնաբանություններին՝ եկել եմ վերջնական համոզման, որ ընթերցողին նույնիսկ սկսել է չհետաքրքել, թե կոնկրետ որ ԶԼՄ-ի նյութն է մեկնաբանվում՝ 20 տարվա պատմություն ունեցող կայքի՞, թե երեկ ափալ-թափալ ստեղծած կայքի:

Ինչպես Կազանովան էր ասում կանանց մասին՝ լույսը անջատում ես, բոլորը նույնն են, ահա և այս պարագայում բոլոր ԶԼՄ-ները համարյա նույնն են:

Եվ մեղավորն առաջին հերթին հենց նույն ԶԼՄ-ներն են ու նրանց գովազդատուներն են:

Ռուսական լավ ասացվածք կա. «Не спорь с дураком, он задавит тебя опытом», ահա և այստեղ էլ պետք է միշտ հիշել, որ նոմինալ «Երեկո» օրաթերթը երբևէ չի կարող մրցել Բլոգլուրի հետ, իսկ վերականգնել նախկին մակարդակն արդեն շատ դժվար կլինի:

Ասածս ի՞նչ է: Փորձեք ամբողջ բազմահազարանոց ֆրենդներից ընտրել տարբեր հայացքներ ունեցող մոտ երեսուն-քառասուն մարդկանց խումբ, ովքեր ժամանակի ընթացքում ապացուցել են, որ չեն տարածում անորակ, անմակարդակ կամ ապատեղեկատվություն պարունակող նյութեր, և չնայած գայթակղությանը՝ շարունակում են հարգել իրենց ընկերներ ընթերցողներին:

Այս դեպքում շատ հանգիստ կապրեք, քանի որ, համոզված եմ, կարդալու եք որակյալ, հետաքրքիր ու կշռադատված հոդվածներ:

Իսկ մնացա՞ծը։ Դե մնացածները՝ կշարունակեք ուտել ամենօրյա մեդիաաղբը և տարածել այն: Դա երևի իրենց դուր է գալիս, բայց այստեղ մեր ճանապարհները երբեք չեն հատվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել