«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ տխրահռչակ Մացոյի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով։ Սակայն մի քանի օր անց դիմումը մերժվել է։ «Ժողովուրդ»–ը պարզել է, որ մերժման որոշումը եղել է ապօրինի։
Բանն այն է, որ հանձնաժողովի 7 անդամներից 3-ը՝ Սամվել Թադևոսյաևը, Գագիկ Ավետիսյանը և Աշոտ Աբովյանը, չէին կարող որոշման կայացմանը մասնակցել, քանի որ արձակուրդում են եղել։ Որոշման կայացմանը կարող էին մասնակցել միայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սլավիկ Թորոսյանը և Մխիթար Պապոյանն ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը։ 7-րդ անդամը՝ նույն ինքը Մացոն, չէր կարող քննարկմանը մասնակցել, որովհետև խնդիրը վերաբերել է իր անձին»,–գրում է թերթը։



