Գաղափարական որոշակի բախումներ են նկատվում հայ մտավորականների տարբեր փոքր շրջանակների մեջ՝ Հայաստանի զարգացման և նրա ապագայի հետ կապված։ Դա, իհարկե, մի կողմից դրական է, քանի որ բանավեճերն իրենց մեջ առողջ բնույթ են կրում... Սակայն մյուս կողմից բացասական է ազդում մեր ազգային իղձերի և նպատակների վրա, քանի որ չկա միասնականություն։ Բախման հիմքում կանգնած են ՀՀ-ի օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի ձևերի արմատական տարբեր մոտեցումները:

Մտավորականների՝ իմ նշած շրջանակներից մեկն արմատապես դեմ է հեղափոխական գործունեություններին և գաղափարներին՝ պնդելով, որ անկայունությունները երկրի ներսում կբերեն պատերազմական իրավիճակի Արցախում, և բացի դա՝ երկրի ներսում կսկսվի քաոս, ինչպես որ դա եղավ Ուկրաինայում։ Նրանց համոզմամբ՝ երկրի իշխանությունների գործելաոճն այդքան էլ անուղղելի չէ, որպեսզի դիմել հեղափոխական-ծայրահեղական գործընթացների, և օլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու համար պետք է ոչ թե հակառակորդ դառնալ, այլ աշխատել իշխանությունների հետ և փորձել փափուկ ձևերով հարցը ճիշտ ճանապարհով տանել բանակցությունների միջոցով։

Նշված մտավորականների մյուս շրջանակն իրենց գաղափարներով արմատական ընդդիմության ներկայացուցիչներն են։ Խոսքս խորհրդարանական ընդդիմության կամ այսպես կոչված ոչ իշխանական ուժերի մասին չէ։ Խոսքս այն մաքուր նպատակներով լցված, պայքարող մարդկանց մասին է, որոնք պատրաստ են վերցնել իրենց վրա ժողովրդին, հեղափոխության ճանապարհին առաջնորդների դերը և ուղղակի շարքայինների դերը։ Այդ մարդիկ վստահ պնդում են, որ Հայաստանին հարկավոր է արմատական փոփոխություներ, և դրան կարելի է հասնել միայն համակարգափոխության և իշխանափոխության միջոցով, որոնց իրենց հերթին կարելի է հասնել քաղաքացիական անհնազանդության ճանապարհով։ Այդ փոփոխություններն անխուսափելի են, քանի որ ներկա համակարգը սպառված է, և չի կարելի որևէ հարցի շուրջ իշխանությունների հետ բանակցել, որովհետև նրանք սպասարկում են միայն իրենց անձնական շահերը, և միամիտ է կարծել որ նրանք կգնան ինչ-որ զիջումների՝ ի վնաս իրենց շահերի, որը չի համապատասխանում մեր երկրի և ազգի շահերին:

Այո՛, վստահ եմ՝ յուրաքանչյուր հայ չի ցանկանա, որ Հայաստանի ներսում լարված իրավիճակ սկսվի: Այո, կա արտաքին վտանգը, որը մեր ազգի համար կարևորագույն խնդիրն է... Այո՛, ինչպես որ յուրաքանչյուր հայ, ես էլ չէի ցանկանա, որ երկրիս ներսում սկսվեն լարվածություններ։ Սակայն ներկա իրավիճակից դուրս գալու այն տարբերակները, որն առաջարկում են հակահեղափոխական գաղափարակից եղբայրները, ինձ համար ցավոք սրտի համոզիչ չեն: Ցավոք սրտի, որովհետև շատ կցանկանայի, որ հարցը ստանար համերաշխ և հանգիստ լուծում, և մենք մտածեինք ոչ թե ներքին հակառակորդների դեմ պայքարի մասին, այլ արտաքին վիշապից սպասվող վտանգին պատրաստվեինք միասնական ուժերով: Համոզիչ չէ, որովհետև համակարգն արդեն 20-25 տարի է՝ իր սև գործն անում է, և մարդկային լեզուն չեն հասկանում, որպեսզի նրանց հետ կլոր սեղանի շուրջ նստենք։ Նամանավանդ, որ երկրի իրավիճակն այնպիսին է, որ ժամանակը քիչ է սպասելու համար: Արտագաղթն արնաքամ է անում երկիրը.... Օրինակի համար՝ Վանաձորի գլխավոր փողոցներում գրեթե չկան ավտոմեքենաներ, քաղաքը դատարկվում է և իր հետ ողջ Հայաստանը:

Ես չգիտեմ՝ իրականում որ կարծիքը կլինի մեր ազգի համար ավելի բարենպաստ, ես միայն կարող եմ ունենալ իմ դիրքորոշումը: Սակայն կցանկանամ, որպեսզի այս գաղափարական բախումները բերեին մի կետի, որտեղ այս երկու մտավորականությունը ներկայացնող շերտերը կմիանան իրար, և դրանով մեր ազգը միայն կհզորանար, քանզի իմ խորին համոզմամբ՝ մտավորականների այդ երկու շրջանակների ներկայացուցիչների մեծ մասը վաղը ՀՀ-ի ապագա վերնախավի շարքերը կարող են զբաղեցնել։ Աստված մեզ հետ... Աստված Հայաստան աշխարհի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել