Image result for ոռոգման ջուրԱյս տարվա առաջին կեսին Հայաստանի ցանքատարածություններն ավելացել են 15-16 հազար հեկտարով: Ցանքատարածությունների ավելացումը ենթադրում է ոչ միայն բերքի առատություն, այլ նաև այդ նպատակով օգտագործվող ջրի լրացուցիչ քանակություն:

Պետք է նշենք, որ այս ընթացքում գյուղացիների կողմից ՋՕԸ-երին կամ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին ներկայացրած դիմումները բավարարվել են, և նրանց տրամադրել են պահանջվող քանակությամբ ջուր:
Ներկայումս, երբ ցանքատարածություններն ավելացել են, որոշ գյուղացիներ բողոքում են, որ իրենց հատկացված ջուրը բավարար չէ ոռոգման համար:

Այսօր հիմնականում բողոքն այն գյուղացիների կողմից է, ովքեր չեն ներկայացրել համապատասխան դիմում՝ հավելյալ ջուր ստանալու համար: Ամբողջ խնդիրը նրա մեջ չէ, որ չկա բավարար քանակություն՝ գյուղացուն ջրով ապահովելու համար, հարցը կայանում է նրանում, որ դժգոհություն հայտնող գյուղացիները պարզապես դիմում չեն ներկայացրել վերոնշյալ գերատեսչություններին:

Բազմիցս, ամենատարբեր մակարդակներով ասվել է, որ առկա ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման ողջ շրջանն ավարտելու համար: Ընթացքում, իհարկե, պատահում են վթարներ. այս հարցը նույնպես լուշադրության կենտրոնում է: Օրինակ՝ երեկ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը համակարգի պատասխանատու անձանց հետ գտնվում էր Արզնի Շամիրամ ջրանցքի Ամբերդի դյուկերային վթարված հատվածում՝ վթարավերակագնողական աշխատանքներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին, ինչպես նաև «Փարպի», «Աշտարակ» և «Շամիրամ» ՋՕԸ-ին ջրամատակարարման ռեժիմի և ժամկետների մասով իրազեկել համապատասխան ջրօգտագործողներին, իսկ վթարի վերացումից հետո անմիջապես ապահովել ողջ ծավալով ջրամատակարարումը:

Իրականում, ինչպես նշվեց, ջրի խնդիր չկա, պետք է պարզապես նոր հայտ ուղարկել՝ նշելով ցանքատարածության ավելացման և անհրաժեշտ ջրի քանակության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել