
Կուլտուրական մարդու բացատրագիրը.
Ես՝ ********* **********-ս, 2013 թվականի *******-ին իմ Gilera Fuoco 500 սկուտերով գնում էի Կարմիր բանակի պողոտայի ուղղությամբ։ Ոչ մի կանոն չէի խախտում, հետևում էի ճանապարհային երթևեկության իրավիճակին։
Բերոունսկայա փողոցի խաչմերուկին ինձ ու երթևեկողների համար անսպասելիորեն կարմիր լույսի տակ դուրս եկավ Hummer մակնիշի սև ամենագնաց, որի վրա բացակայում էին պետհամարանիշները։ Ես, նկատելով վտանգն ու խուսափելով ՃՏՊ-ից, դուրս եկա հանդիպակաց գիծ ու կայանեցի մայթեզրին։ Արգելակելու պահին ես ուժեղ հարվածի ձայն լսեցի հետևիցս։ Շրջվելով ես տեսա, որ Hummer-ը հարվածել է հետևիցս ընթացող Suzuki Jimny մեքենային ու գրեթե պոկել է նրա ողջ դիմային մասը։ Նկատելով այդ մեքենայի ղեկին նստած աղջկան՝ ես մոտեցա, որպեսզի հարկ եղած դեպքում ցույց տամ առաջին բուժօգնություն։
Մոտենալով մեքենային՝ ես նկատեցի, որ հետևի նստարանին՝ մանկական բազկաթոռի մեջ, երեխա կա։ Ես բացեցի մեքենայի բեռնախցիկն ու դրա միջով դուրս հանեցի երեխային (մոտավորապես 4 տարեկան տղա), վերցրեցի այնտեղից վթարային կայանման նշանները, տեղադրեցի դրանք, հետո վարորդի պատուհանի միջով օգնեցի դուրս գալ կին վարորդին։
Ուղեկցելով կնոջն ու նրա երեխային մայթեզր ու համոզվելով, որ նրանք լուրջ վնասվածքներ չունեն՝ ես խնդրեցի տեղում գտնվող Mitsubishi Airtrek մեքենայի վարորդին, որպեսզի նա զանգի շտապօգնություն ու ոստիկանություն։ Այնուհետև ես մոտեցա Hummer-ին՝ բացառապես նրա համար, որպեսզի տեսնեմ, թե արդյո՞ք վարորդն իմ օգնության կարիքն ունի։ Բաց պատուհանից ես տեսա երկու անհատների, ովքեր ակնհայտորեն եկել էին հարավային շրջաններից։ Դրա մասին վկայում էին վերջիններիս թուխ մաշը, սև կոշտ մազերն ու դեմքի բնութագրող դիմագծերը։
Ես ենթադրեցի, որ իմ առջև մոլորված իսպանացի զբոսաշրջիկներ են ու ընկերական տոնով հարցրեցի նրանցից իրենց մայրենի իսպաներենով, թե արդյո՞ք նրանք չէին նկատել լուսացույցի կարմիր լույսը. «Al huele pido rosa?» (իսպաներեն լեզուն ես ուսումնասիրել եմ դպրոցում, որը գործում էր Մադրիդում ԽՍՀՄ դեսպանությանը կից, որտեղ հայրս վարորդ էր աշխատում)։
Ի պատասխան՝ Hummer-ի վարորդը բաց պատուհանի միջով գլխիս շրջանում հարվածեց ինձ ձախ ձեռքով։ Քանի որ այդ պահին ես կրում էի սաղավարտ, որը պարտավոր եմ կրել երթևեկության ժամանակ, հարվածը դիպավ դրան։ Հենց այս կերպ եմ ես բացատրում տուժողի ձախ ձեռքի 4 մատների կոտրվածքը։ Այնուհետև նա դուրս ցատկեց մեքենայից ու կրկին գլխիս շրջանում հարված հասցրեց աջ ձեռքով։ Հենց սրանով էլ բացատրում եմ նրա աջ ձեռքի կոտրվածքը ճառագայթաձև ոսկորի հատվածում։
Նրա հետևից դուրս եկած ուղևորը հարվածեց մեջքիս ինչ-որ ծանր իրով, բայց ես նրա հետ մենամարտի չբռնվեցի, այլ պարզապես զգուշորեն փռեցի նրան ասֆալտին ու որպես օրինապաշտ քաղաքացի՝ սկսեցի սպասել ոստիկանության գալուն։ Նա ինձ ոչ մի վնասվածք չի պատճառել, քանի որ բաճկոնիս տակ ես կրում էի որպես «կրիա» հայտնի մոնոհանդերձանքը։ Նրա կոտրված քթի ու ծնոտի պահն էլ կարող եմ բացատրել նրանով, որ Hummer-ի անվտանգության բարձիկները չէին բացվել վթարի պահին, ու նա ստացել էր այդ վնասվածքները, երբ դեմքով հարվածել էր պանելին։
Մախաչկալայի պատգամավորների խորհրդի պատգամավորի օգնականի պատառոտված վկայականի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դրա մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Ինձ հայտնի չէ նաև այն, թե ինչպես կարող էր այդ ծառայողական վկայականը հայտնվել Hummer-ի վարորդի բերանում ու կերակրափողում։ Դեպքի վայրում հավաքված մոտոցիկլետներով ու սկուտերներով քաղաքացիների մասին ոչինչ հայտնել չեմ կարող, որովհետև բացարձակապես չեմ ճանաչում նրանց։
Բացի դրանից, ինձ բացարձակապես հայտնի չէ, թե ով է կտրել Hummer-ի անիվները, ով է ծակել դրա տանիքը մետաղյա ձողով, ով է կոտրել դրա պատուհաններն ու ծվեն-ծվեն արել դրա սալոնը՝ այդ կերպ ամբողջովին անպիտան դարձնելով այն։ Հայտնի չէ նաև, թե ով է այդ մետաղաձողով վերջնականապես ջարդուխուրդ արել մեքենայի դիմամասն ու վնասել շարժիչը։
Խոսքերիս իսկությունը կարող են փաստել ՃՏՊ-ի մասնակիցներն ու վկաները, ինչպես օրինակ Mitsubishi Airtrek և Suzuki Jimny վարորդները։



