Tert.am-ը գրում է.

Հայաստանում մարմնավաճառները արտոնյալ վիճակ ունեն և նրանց դեմ բողոքող քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ նրանց դեմ միջոցներ ձեռնարկող անձանցից մեկն այսօր գտնվում է կալանքի տակ:

«Ծերեթելիի խաչմերուկից դեպի բակեր գնացող հատվածում գործում է «Փոքր Մայամի» հոթելը, որտեղ աշխատում են մարմնավաճառներ։ Ամբողջ գիշեր հարակից շենքի բնակիչները ականատես են լինում կռիվների, ծեծկռտուքների, անգամ դանակահարությունների, հնչում են հայհոյանքներ։ Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ անգամներ դժգոհել են այս երևույթի դեմ, նամակներ ուղարկել քաղաքապետարան, ոստիկանություն, բայց անարդյունք»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ վերոնշյալ շենքի բնակիչներից Վազգեն Կարապետյանը ևս իր դժգոհությունն է հայտնել, ինչի հետևանքով հետապնդվում է իրավապահների կողմից։

«Վազգեն Կարապետյանը բազմաթիվ անգամ փորձել է միջամտել, որ իրենց շենքի բակում չհավաքվեն մարմնավաճառներ, ու դրանց հետևանքը եղել է այն, որ ոմն Իգոր Կովակյովը  ցուցմունք է տվել, որ նրա կողմից ենթարկվել է ավազակային հարձակման ու շորթման։ Նա կալանավորված է միայն այդ մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, չկա որևէ իրեղեն ապացույց և շուտով գործը կուղարկվի դատարան»,-ասաց նա և ընդգծելով, որ հայտնի է՝ այդ Իգորը զբաղվում է մարմնավաճառներին տոկոսով գումար ու ոսկի տալով։

«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանն էլ ընդգծեց, որ մարմնավաճառության բիզնեսը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն ու դատարան։

«Չի կարելի մարմնավաճառներին այսքան արտոնություններ լինեն, իհարկե, նման մարդիկ ևս պետք է զբաղվեն իրենց ընտրած զբաղմունքով, բայց պետք է լինեն պետության կողմից հսկվող վայրեր։ Ես տեսել եմ գործեր, որտեղ մարդու զբաղմունքը գրված է եղել՝ մարմնավաճառ, բայց չեն հարցնում, որ դու կարողանո՞ւմ ես զբաղվել էդ մասնագիտությամբ, ո՞վ է քեզ հովանավորում, որտե՞ղ ես զբաղվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը խոսում է նրա մասին, որ բազմաթիվ մարդկանց է ձեռնտու այս բիզնեսը։

Աշոտ Աթայանը նաև նշեց, որ մարմնավաճառությունը քրեորեն պատժելի արարք չէ։ մարմնավաճառները միայն վարչական տուգանքի են ենթարկվում, այն էլ դատավորն է որոշում գումարի չափը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել