Tert.am-ը գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախագծի համահեղինակներ Սաշուր Քալաշյանը և Գուրգեն Մուշեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով համալիրի շենքի վաճառելու կառավարության որոշմանը, ասացին, թե վաճառքի վերաբերյալ որոշում կայացնողը շատ սխալ բան է արել։

«Այդ համալիրը համազգային, համապետական նշանակություն ունի: Մենք բազմիցս ասել ենք, բողոքել ենք, որ այնտեղ խրախճանքի կենտրոններ չպետք է լինեն, մինչդեռ այսօր այնտեղ արդեն իսկ երկու ապօրինի ռեստորան է գործում»,-ասաց Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետի խոսքով՝ շատ լուրջ խնդիր է նաև այն, որ կառուցվող համալիրի մեջ պետք է լինի նաև կազինո: «Որևէ հանրային քննարկում չի կատարվել այս որոշումը կայացելիս, սա անթույլատրելի է»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Ասուլիսին ներկա ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ ասաց, թե մարզահամերգային համալիրի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը համարվում են հանրային տարածք, կանաչ գոտի, հետևաբար, այնտեղ կառուցապատում իրականացնել չի կարելի:

«Եթե մենք զրկվենք մարզահամերգային համալիրից, մենք կզրկվենք մեծ մշակութային կենտրոնից: Դա պետք է մեր ազգին ու մեր պատմությանը: Եթե նույնիսկ այն իր աշխատանքով շահութաբեր չէ, բայց անհրաժեշտ է նմանատիպ կառույցի գոյությունը»,– ասաց նա:

«Եթե սեփականատերը ցանկանում է ներդրումներ կատարել, դա պետք է միայն ողջունել, սակայն այդ ներդրումը չպետք է  լինի եկամուտներ ապահովելու նպատակով»,– ավելացրեց Գուրգեն Մուշեղյանը՝ հույս հայտնելով, որ վերջնական որոշում կայացնելիս գոնե քննարկում կկազմակերպեն և հաշվի կառնեն հանրության և մասնագետների կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել