Ի պատասխան հարգարժան Armen Vileni Astvatsatryan-ին.

Հայ հոգևորականը բոլորի հոգևորականն է՝ թե՛ առողջների և թե՛ հիվանդների։ Եթե հիշում եք Քրիստոսի հրաշալի խոսքը, թե ինքն առողջների համար չի եկել, այլ հիվանդների։ Որպես հոգևորական՝ պարտականություն եմ զգում զրուցել բոլորի հետ՝ լինի «հրեշտակ» կամ «սատանա», այն մտադրությամբ, եթե հրեշտակ է, օգնել նրան Արուսյակի անկյալ հրեշտակ դառնալով, չվերածվի սատանայի կամ չարի, եթե սատանա է, չմնա դժոխքում, այլ բռնի վերադարձի ճամփան։ Կարծում եմ՝ իմ բանավեճը Ս. Քիրեմիջյանի հետ պաշտպանությունն էր մեր ինչպես ազգային, այնպես էլ եկեղեցական արժեքների։ Եթե կար նահանջ, ապա այն նման էր 1812-ին Մոսկվան Նապոլեոնին հանձնելուն, որպեսզի հետո տեսակետդ ավելի ամուր հաստատես։ Եթե ինձ օգտագործում են՝ առանց ասածներս ճիշտ հասկանալու, դա իրենց մեղքն է։ Եթե կան աղանդներ, որոնք Քրիստոսի խոսքը ըստ իրենց ընկալման են մեկնաբանում, դա Քրիստոսի մեղքը չէ։ Ես ասել եմ և կրկնում եմ նույն բանը՝ մենք՝ որպես Ազգ, կարիքը չունենք մեր անցյալից և այնտեղ առկա արժեքներից հրաժարվելու։ Քանզի այդ պարագայում որպես մեր արժեքների տեր ստիպված ենք հայտարարել ուրիշներին։ Եթե մեր լեզուն որպես այդպիսին արդեն իսկ ձևավորվել էր նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, մենք դրանից չհրաժարվեցինք, քանի որ դա մերն է, իսկ ինչո՞ւ հրաժարվենք այն ամենից, ինչը ստեղծել են մեր նախնիքը։ Արդյոք պե՞տք է հրաժարվել Քարահունջից, Մեծամորից, Արին Բերդից, Պորտաքարից (Գոբեկլի թեփե) և նմանատիպ բազմաթիվ անգնահատելի գանձերից։ Ինչո՞ւ ենք վախենում հայտարարել այն, ինչն արդեն ասել են շումերները և ինչի մասին վկայել է 3-րդ դարի նշանավոր դեմքերից մեկը՝ ԲԵՐՈՍՈՍԸ, որոնք Հայոց Սրբազան Հողը կոչում էին Աստվածների երկիր, Աստծո ընտրած ժողովրդի երկիր, Սուրբ Օրենքների և Ծեսերի երկիր և վերջապես՝ անմահության գաղտնիքն իմացողներծի երկիր։ Արդյոք այս ամենը մեզ համար հակաքրիստոնեակա՞ն է, արդյոք այս ամենը մեզ համար անպատվաբե՞ր է, արդյոք այս ամենը չիմանալո՞ւ պատճառով չէ, որ մենք՝ այսօրվաններս, կորցրել ենք մեր ճշմարիտ հայկական դեմքը, դիմագիծը և վեր ենք ածվել անորոշությունների։ Այն ժողովուրդը, որը զուրկ է անցյալից, ոչնչություն է։ Մեզ զրկելով մեր անցյալի փայլուն արժեքներից՝ վերածվել ենք ոչնչության։ Սակայն արժեք դեռ չի նշանակում հավատամք։ Հավատամքը մեկ բան է, Ազգային արժեքները՝ մեկ այլ բան։ Իմ շեշտադրումն այսօր մեր ազգային արժեքների վրա է և ոչ՝ հավատամքի։ Եթե հարկ լինի կանդրադառնամ նաև դրան։ Իսկ ինչ անում են վերը նշված անուն-անձինք, դա նրանց գործը չէ, այլ նրանց պատվերը։ Չմոռանանք ջարդերից առաջ այդ գործին էին լծված Շանթը, Դանիել Վարուժանը և այլք։ Գիտենք՝ ինչ եղավ մեր ժողովրդի վախճանը... Զգուշանանք, որ նույնը մեզ հետ 100 տարի անց չկրկնվի…
Աղոթարար՝
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել