Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 18-ին ՊԲ-ում մեկնարկել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով բոլոր զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ ուսումնական փուլի հիմնական ձեռքբերումներին և բացթողումներին,  նշվել են այն հիմնական խնդիրները, որոնք պետք է իրենց լուծումը ստանան ամառային ուսումնական փուլի ընթացքում, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Պաշտպանության նախարարը շնորհավորելով անձնակազմին, խոսել է տարածաշրջանային արդի և հավանական զարգացումների, առաջնագծում շարունակվող լարվածության մասին, նշելով, որ բոլոր մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավել կարող են միայն պատրաստված ստորաբաժանումները, իսկ այդ առումով նոր ուսումնական փուլը, հրամկազմի համար կլինի անձնակազմին  ուսուցանելու հերթական հնարավորությունը:

Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որոնք կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել