Մենակ էս նախադասությունն արդեն կոռուպցիոն ռիսկ ա պարունակում: Հակակոռուպցիոն հանձնաժողովը պետք է լյուստրիացիայի ենթարկի ցանկացած մարդու, ով կօգտագործի Իրան-Հայաստան երկաթուղի նախադասությունը:
Դե եկեք պատկերացնենք:
Միայն Հայաստանի տարածքով էս երկաթուղին Մեղրիից մինչև Երևան 400 կմ երկարություն ա ունենալու: Ամենաիդեալական գրունտի, հարթ տեղանքի և այլ իդեալական պայմաններում երկաթուղու 1 կմ-ը 2 մլն դոլար ինքնարժեք ունի: Հայաստանի պայմաններում այն գրեթե կրկնակի է լինելու: Այսինքն՝ Մեղրիից մինչև Երևան հասնելը 1,5 մլրդ դոլար արժեք կունենա:
Իսկ եթե երկաթուղին տարանցիկ նշանակություն էլ պիտի ունենա, նշանակում է՝ պետք է հիմնովին նորացնել մինչև Այրում ուղեգիծը:
Հիմա նայենք Երևան-Աշտարակ ավտոճանապարհն ու կհասկանանք, որ եթե սկսենք երկաթուղու շինարարությունը, կզրկվենք Երևան-Այրում՝ թեկուզ վատ վիճակում գտնվող, բայց դեռևս գոյություն ունեցող երկաթուղուց: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման միակ հնարավոր տարբերակն այն կլինի, եթե այն ամբողջությամբ իր ձեռքը վերցնի իրանական կողմը: Չնայած էդ դեպքում էլ կարող ա ռուսները ստիպեն, որ ռելսերը, ասենք, Բայկալ-Ամուրյան մայրուղու հին ռելսերը լինեն, որպեսզի ծանր բեռներ հնարավոր չլինի տեղափոխել, ինչպես դա կատարվեց Իրան-Հայաստան գազամուղի դեպքում, որը նախատեսված 140 սմ-ի փոխարեն Հայաստանի տարածքում ունի 70 սմ տրամագիծ, ու տարանցիկության մասին խոսք լինել չի կարող:
Ատոմակայանի նոր էներգաբլոկ: Էս բառակապակցությունն ասողին պետք է ստիպել, որ ասի նաև Իրան-Հայաստան երկաթուղի: Հենց ասեց, միանգամից հակակոռուպցիոն հանձնաժողովի լյուստրացիա:
Արաքս ՀԷԿ: Դեռևս կարելի է օգտագործել այս բառակապակցությունը, բայց շշուկով ու շատ նեղ շրջապատում:
Հ.Գ. Հայաստանի բոլոր պաշտոնյաներն արդեն շնորհավորել են Իրանին՝ միջուկային համաձայնության գալու համար: Ու Հայաստանի բոլոր պաշտոնյաներն Իրանի նախագահին հրավիրել են Հայաստան: Եթե նա ընդունի բոլոր հրավերները, Հայաստանում ավելի երկար կգտնվի մեկ տարվա ընթացքում, քան իրեն հրավիրողները: