Սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով մարզերի և մայրաքաղաքի միջև առկա է մեծ տարբերություն: Բնական է, որ յուրաքանչյուր երկրի մայրաքաղաք ունի իր ուրույն տեղը, սակայն վերը նշված երկուսի միջև տարբերությունը պետք է հասցնել հնարավորինս նվազագույնի:
Տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար առաջին հերթին հարկավոր է օպերատիվ կերպով լուծել տեղի հրատապ խնդիրները: Այդպիսի խնդիրներից են ճանապարհների կառուցումը, խմելու և որոգման ջրամատակարարումը, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգումը, ֆինանսական և այլ աջակցությունը մշակութային օբյեկտներին և այլն:
Նման խնդիրների լուծման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 4-5 մլրդ դրամ:
Ներկայումս Գեղարքունիքի մարզում վերակառուցվում է Սևան-Վարսեր մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ և 475 մլն դրամ արժողությամբ ճանապարհը, իսկ Լոռու մարզում Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Լոռու մարզի բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող խոշոր ճանապարհաշինական ծրագրի՝ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության արդյունքում 12 համայնքներ կկապվեն միմյանց: Այդ ծրագրի իրականացման համար ներդրվել է 3 մլրդ 450 մլն դրամ:
Նման ծրագրերը ոչ միայն նպաստում են աշխատատեղերի ավելացմանը, այլ նաև նոր թափ են հաղորդում գյուղատնտեսական ոլորտին:
Մյուս խնդիրը գյուղական արտադրանքի մթերումն է:
Մասնավորապես, մոտենում է խաղողի մթերման գործընթացը, և գործադիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մթերվի անգամ լրացուցիչ բերքը:



