Tert.am–ը գրում է.

Օգոստոսի 17-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում հատուկ լողափ է բացվել կույր և տեսողության զանազան խանգարումներով մարդկանց համար:

«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է «Ֆորմոզա լողափ» անվանումով հայտնի վայրը կղզու Ֆունշալա քաղաքում է: Հայտնի է, որ նման լողափի ստեղծման համար կես տարվա նախապատրաստական աշխատանք է տարվել:

Ֆորմոզա լողափում տեսողության խնդիրներով մարդիկ ջուրն են մտնելու հատուկ թևնոցներով, որոնք համալրված են ձայնային և վիբրացիոն տվիչներով, ըստ որոնց էլ մարդիկ կողմնորոշվելու են ջրում: Թևնոցները ունեն նաև «տագնապի կոճակ», որը կրողները կարող են սեղմել ամեն անգամ, երբ փրկարարի օգնության կարիք կունենան:

Քաղաքի իշխանությունները նշել են, որ տեսողությունից զուրկ մարդու համար ամենամեծ խնդիրը ծովում կողմնորոշվելն է, ափը «զգալը»: Իսկ Մադեյրան որպես «փորձադաշտ» ընտրվել է այն պատճառով, որ հենց այստեղ են գալիս մեծ թվով տարեց զբոսաշրջիկներ և ոչ միայն Պորտուգալիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել