1. Կրոնականության պակաս, ասել է աստվածության, սրբության զգացումի պակաս, որի պատճառով հոգևոր շփոթի է մատնված օրվա մարդկությունը:

2. Մեր օրերի հակակրոն հովերը պիտի բացատրել մարդկային տիպի հոգևոր անկատարելությամբ: Առողջ հոգեվիճակ չէ անկրոնությունը: Մարդ միշտ էլ նախ հեռանում է իր նմաններից և ապա` իր Աստծուց:

3. Ով հեռանում է իր կրոնից, անձնասպանորեն կտրում է իր հոգևոր զարկերակը:

4. Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց – ազգ, հայրենիք, պետություն:

5. Կորցնելով սրբության զգացումը` մարդն անխուսափելիորեն դառնում է շնական և մարդատյաց:

6. Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա:

7. Վախը դադարում է, վտանգը տեղի է տալիս, մահը մեռնում է, հենց որ մարդու որդին իր գիտակցության ամբողջ զորությամբ կրկնում է – ես էլ Աստծո որդին եմ:

8. Ուզում եք խորապես ճանաչել մեկին, խոսեք և խոսեցրեք նրան Աստծո մասին, և նա իր պաշտանքի կամ անհավատության միջոցով պիտի մատնի իր հոգևոր հասակը: Անաստված ես, ասել է զուրկ ես սրբության նվիրումից, պարտականության զգացումից, ասել է վաղ թե ուշ դու պիտի դավաճանես նմաններիդ:

9. Կրոնապես տկարացավ մարդկությունը - և ահա այլևս երկինք չունի նա: Փլավ նրա հույսերի աշխարհը, այսօր այնտեղ էլ մահն է գործում իր դեմ:

10. Կույր պատահականության ծնունդ չէ տիեզերքը, և ես միակը չեմ տիեզերական անսահմանության մեջ – այդ սփոփարար հավատքն է տալիս մեզ կրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել